Հարցը, թե ով ուր կտեղափոխվի և ով ստիպված կլինի լքել իր տունը, Հայաստանի կառավարությունն է որոշում․ ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի հայտարարությունը, որը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման սկիզբը, լավատեսություն է արտահայտում, որ կողմերը վերջապես համախմբվել են և սկսել լուրջ բանակցությունները։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի պատվիրակության ղեկավար, Էստոնիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը։

Նա միաժամանակ նշել է, որ առայժմ տեղյակ չեն մանրամասների վերաբերյալ, թե ինչ է քննարկվում և ինչի մասին են պայմանավորվում կողմերը․ «Ես բանակցությունների սեղանի շուրջ չեմ, չեմ կարող որևէ բան ասել այդ կապակցությամբ և միջամտել»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ աշխարհ է սա, որ հայերը պետք է լքեն իրենց տները և ինչո՞ւ հաշվի չեն առնվում մարդկանց իրավունքները, Կալյուրանդը պատասխանել է.

«Այո, մենք հասկանում ենք, որ այն բանից հետո, երբ ավելի քան 100 հազար հայ լքել է Լեռնային Ղարաբաղը, դա հսկայական ֆինանսական բեռ է դարձել կառավարության, երկրի համար, ուստի Եվրամիությունը նույնպես ֆինանսավորում և օգնում է Հայաստանին այդ հարցերում: Բայց հարցը, թե ով որտեղ կտեղափոխվի, և ովքեր ստիպված կլինեն լքել իրենց տները, պետք է որոշի Հայաստանի կառավարությունը։

Հայտարարության մեջ մենք մեկնաբանել ենք բանակցությունների մեկնարկը և խաղաղության համաձայնագիր կնքելու լուրջ փորձը։ Երկու երկրների շահերից է բխում ունենալ երկարաժամկետ և կայուն խաղաղության համաձայնագիր։ Հարավային Կովկասում պետք է խաղաղություն լինի, դա բխում է եվրոպացիների շահերից, մենք մեծ էներգիա ենք ներդնում, շատ փորձագետներ, ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի օգնենք Հայաստանին, եթե նա որոշի դառնալ ԵՄ-ի մաս և ինտեգրվի ԵՄ-ին։

Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք ընթանում են երկու երկրների միջև։ ԵՄ-ն փորձում էր հանդես գալ որպես միջնորդ, սակայն ԵՄ միջնորդությունն առանձնապես արդյունք չտվեց, ուստի այժմ երկու երկրները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և որոշեն ժողովուրդների ապագան»,- նշել է նա։