Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել
13 Նոյեմբերի 2026, 13:00
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել, թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակում է տեղի ունեցել։
NEWS.am—ի թղթակիցը հայտնում է, որ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ չհասած «Chevrolet» մակնիշի մարդատար ավտոմեքենայի վարորդը այնպես է կանգնել, որ փակել է տրոլեյբուսի ճանապարհը։ Տրոլեյբուսի վարորդն ասել է՝ մի քիչ այն կողմ գնա, որ անցնեմ։
Սա դուր չի եկել մարդատարի վարորդին, ով ագրեսիվ տոնով ասել է, թե՝ «խի՞ ես մուննաթ գալիս»։
Երբ տրոլեյբուսի վարորդն արձագանքել է, թե մուննաթ չի գալիս, խնդրում է, որ ճանապարհ տա իրեն, «Chevrolet»–ի վարորդը սկսել է վիրավորարքներ հասցնել տրոլեյբուսի վարորդին։ Ավելին, նա իջել է մեքենայից, վազել տրոլեյբուսի ուղղությամբ, թքել վարորդ վրա և փորձում էր դուռը քաշքելով բացել, որ հաշվեհարդար տեսնի։ Ուղևորները փորձում էին հանգստացնել տրոլեյբուսի վարորդին՝ հորդորելով շարունակել վարել մեքենան։
Երկու մեքենաներն էլ անցնելով խաչմերուկը, կանգնել են և իջել մեքենաներից։ Այդտեղ քաշքշոց է սկսվել երկու վարորդների և մի շարք այլ քաղաքացիների մասնակցությամբ։
Նաև ուղևորների ակտիվ միջամտության արդյունքում տրոլեյբուսի վարորդը շարունակել է իր ընթացքը, սակայն նա տևական ժամանակ չէր կարողանում հանգսատանալ և զսպել հուզմունքը։