Հասկացան՝ բանտ գցելով չեն կարողանում մեզ կոտրել, որոշեցին արյուն թափել․ Տաթև Վիրաբյան

13 Հունիսի 2024, 22:30

Քաղաքականություն

Երեկվա կատարվածը ամբողջովին աբսուրդի ժանրից էր, բոլոր կարմիր գծերը հատվեցին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց բախումից տուժած ակտիվիստ Տաթև Վիրաբյանը։

«Երեկ Բաղրամյան պողոտայում ահասարսուռ իրավիճակ էր։ Ես այնտեղ տեսանկարահանում էի անում, և չնկատեցի, թե ինչպես պայթուցիկը հայտնվեց ոտքերիս տակ ու պայթեց, ինչի արդյունքում ոտքիս հատվածում ծանր վիրավորում ստացա։ Երեկվա կատարվածը ամբողջովին աբսուրդի ժանրից էր, երեկ բոլոր կարմիր գծերը հատվեցին։ Մենք սպասում էինք, որ ոստիկաններն ինչ-որ գործողությունների կգնան, ուղղակի ցավալին այն է, որ ոստիկանը խախտում հասարակական կարգը, բայց մեղքը բարդում ժողովրդի վրա։ Ես նույնիսկ պատերազմում եմ եղել, և այդ տեսարաններն ինձ համար հասկանալի էին, բայց երեկվա տեսարանները ոչ մի բացատրություն չունեն։ Ինչպես կարող է հայ տղամարդը կնոջ վրա ռումբ նետի, շուրջբոլորս լացող կանայք էին, բեկորային վիրավորում ստացած մարդիկ, բայց դե մեր իշխանությունները մինչև արյուն չեն տեսնում, չեն հանգստանում»,- նշեց Տաթև Վիրաբյանը։

Ակտիվիստը վստահ է՝ գալու է մի օր, և հայ ազգը տեսնելու է առանց Նիկոլ Հայաստանը։

«Ես հասկանում եմ, որ այս կերպ փորձում են մեզ կոտրել։ Հասկացան, որ բանտ գցելով, լռեցնելով չեն կարողանում մեզ կոտրել, որոշեցին արյուն թափել։ Հայաստանի գործող իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ սերմանել, բայց չեն հասկանում, որ ոչնչի չեն հասնելու։ Եթե ես կարողանայի քայլել, հիմա Բաղրամյան պողոտայում էի լինելու և մասնակցելու բոլոր բողոքի ակցիաներին։ Եվ նույնիսկ համաձայն եմ զրկվել կյանքիցս, բայց իմանամ, որ ունենալու ենք հայրենիք։ Սա է իմ դիրքորոշումը, և մենք կունենանք առանց Նիկոլ Հայաստան։ Մենք ուզում ենք ապրել մեր հայրենիքում, ապրել ոչ գլխիկոր, բայց այդ ցանկության համար մեզ պատժում են։ Ոչինչ, թող ես պատժվեմ, բայց իմ սերունդներն ունենան հայրենիք»,- եզրափակեց Վիրաբյանը։