Հաղթանակի 80-ամյակի առթիվ Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին
08 Մայիսի 2025, 15:45

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին Հաղթանակի օրվա կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Ձեզ նշանակալի, հիրավի պատմական իրադարձության՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Քաջությունը, կամքը և ոգու անկոտրում ուժը մեր հայրերին, պապերին ու նախապապերին օգնել են պաշտպանել հայրենիքի ազատությունն ու անկախությունը, ջախջախել նացիզմը, փրկել Եվրոպան և աշխարհը: Մեր բարոյական, հայրենասիրական պարտքն է արժանի լինել նրանց անմահ սխրանքին, պատվով ծառայել Ռուսաստանին։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք», — ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:
Միխայիլ Միշուստինի շնորհավորական նամակում նշվում է. «Այս բոլոր տասնամյակների ընթացքում ֆաշիզմը ջախջախած, Հայրենիքի ազատությունն ու անկախությունը պաշտպանած մեր ժողովրդի քաջության հիշատակը միավորում է մեզ բոլորիս։ Մենք գլուխ ենք խոնարհում 1945-ին ազատություն նվաճած զինվորների առջև, հարգանքի տուրք մատուցում թիկունքում աշխատածների անձնազոհությանը։ Առաջնագծի զինվորների անմահ սխրանքն ապրում է մեր սրտերում, փոխանցվում սերնդեսերունդ։
Մայիսի 9-ին մեծ երախտիքի զգացումով մենք մեծարում ենք վետերաններին, որոնց տոկունությունը, անմնացորդ նվիրումը հայրենիքին օրինակ են մեզ համար: Հպարտ ենք իրական հերոսությամբ, որն այսօր դրսևորում են մեր պաշտպանները հատուկ ռազմական գործողության ընթացքում: Մաղթում եմ Ձեզ և Ձեր սիրելիներին աշխատանքային հաջողություններ, առողջություն, երջանկություն և բարեկեցություն»: