Հաղթողների գեները․ Սարդարապատի հերոսների ժառանգը, որը նվաճեց համաշխարհային բալետը

24 Հուլիսի 2026, 22:00

Հայեր

Բալետի պարուհի Սյուզաննա Փիրումյանը ծնվել է 1983 թվականի հուլիսի 24-ին Երևանում՝ Սարդարապատի հերոսամարտի անվանի զորահրամանատարներ Դանիել Բեկ-Փիրումյանի և Պողոս Բեկ-Փիրումյանի տոհմից սերող ընտանիքում։ 1992-2001 թվականներին սովորել է Երևանի պետական պարարվեստի ուսումնարանում։ 2001 թվականին ընդունվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբ, որտեղ կարճ ժամանակ անց դարձել է առաջատար մենապարուհիներից մեկը։

Նա կատարել է Ժիզելի դերը Ադանի համանուն բալետում, Ֆրիգիայի դերը Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ում, Ջուլիետին՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ում, ինչպես նաև Կիտրիի դերը Մինկուսի «Դոն Կիխոտ»-ում։

Նա նաև հանդես է եկել «Գայանե», «Վարդանանք», «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ» բալետներում, մասնակցել ժամանակակից բեմադրությունների և ազգային պարարվեստին նվիրված նախագծերի։

Սյուզաննա Փիրումյանը հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Կատարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Մալայզիայում և բազմաթիվ այլ երկրներում՝ միջազգային բեմերում արժանապատվորեն ներկայացնելով հայկական բալետային արվեստն ու դպրոցը։ 2017 թվականին նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը, իսկ Երևանի քաղաքապետարանը նրան նվիրել է բնակարան։

Բացի բեմական գործունեությունից, Սյուզաննա Փիրումյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ ստանալով պարարվեստի ռեժիսորի մասնագիտություն։ Նրա ավարտական աշխատանքը Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա բեմադրված «Անահիտ» բալետն էր, որը վկայում է ազգային մշակութային ժառանգությունը նորովի ներկայացնելու նրա ստեղծագործական ձգտումների մասին։

Այսօր Սյուզաննա Փիրումյանը շարունակում է փայլել Հայաստանի և արտերկրի հեղինակավոր բեմերում՝ մնալով հայկական բալետի խորհրդանիշներից մեկը և ոգեշնչելով երիտասարդ սերնդի պարարվեստի ներկայացուցիչներին։ Նա ամուսնացած է, երկու երեխաների մայր է և հաջողությամբ համատեղում է ընտանեկան կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։