Հայ առաքելական եկեղեցու օրակարգում կաթողիկոսի փոփոխության հարց չկա
16 Հունիսի 2025, 18:36
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեղեկացական արշավն ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի՝ արհեստածին ու զավեշտալի է: Նրա խոսքով՝ Փաշինյանն իր ու իր կառավարության ձախողումները փորձում է բարդել ուրիշների վրա:
«Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Արցախը հանձնվել է այն պատճառով, որ կուսակրոնները խախտել են իրենց ուխտը: Հայաստանի իշխանությունները լիարժեք չեն պատկերացնում իրենց առաքելությունը և փորձում են իրենց անմիջական պարտականությունները իրականացնելու փոխարեն, արհեստական թիրախներ ստեղծել ու կեղծ օրակարգեր ձևավորել»,- պետության և եկեղեցու հարաբերությունների վերաբերյալ քննարկման ժամանակ այսօր հայտարարեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Քննարկմանը մասնակից նախկին պետական գործիչներն արձանագրեցին, որ Փաշինյանը միջամտում է եկեղեցու ներքին գործերին և խախտում է Սահմանադրությունը, երբ ֆեյսբուքյան գրառումներում անպարկեշտ բառապաշարով խոսում է հոգևորականների մասին և կաթողիկոսական նոր ընտրությունների կեղծ պահանջ ձևավորում:
«Սահմանադրությունը հստակ առանձնացրել է Հայ առաքելական եկեղեցու հատուկ առաքելությունը և առանձնահատուկ դերը և պետություն ճանաչում է այդ դերը, իսկ Փաշինյանի արտահայտությունները առնվազն խախտում են պետություն-եկեղեցի տարանջատման սկզբունքը: Նրա որոշ հայտարարություններ քրեաիրավական որակավորման կարիք ունեն»,- շեշտեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Քրեաիրավական որակման կարիք ըստ սահմանադրագետի՝ ունի Փաշինյանի այն գրառումը, որում նա եկեղեցու հավատավորներին կոչ էր արել համախմբվել Վեհարանն ազատելու և իր խոսքով՝ որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։
«Դա ուղղակի բռնության կոչ է եկեղեցու, Հայրապետի նկատմամբ, որովհետև ըստ եկեղեցական կանոնի, եթե կաթողիկոսի պաշտոնը թափուր չէ, ապա ընտրության որևէ հնարավորություն գոյութուն չունի»,- ասաց Վարդան Պողոսյանը:
Նիկոլ Փաշինյանի և կնոջ՝ Աննա Հակոբյանի հակաեկեղեցական գրառումներում հանցակազմ է տեսնում նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, բայց այդ գրառումների մեկնարկից կես ամիս անց էլ Հայաստանի ոչ մի պետական մարմին քննության չի առել դրանք:
«Իմ մտահոգությունն այն չէ, որ եկեղեցու վրա են հարձակվել, շատ են հարձակվել, սրանք էլ կհարձակվեն, կանցնի, կգնա, իմ մտահոգությունը պետական մարմինների բացարձակ կոլապսն է: Այսինքն՝ Փաշինյանը մտել է մի տարածք, որն իրենը չէ, բայց պետական ինստիտուտներն իրեն չեն ասում, որ մի արա էս բանը»,- նշեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
Հայաստանի իշխանության հակաեկեղեցական արշավը հնարավո՞ր է կապ ունի թուրքադրբեջանական տանդեմի հետ և համահո՞ւնչ է նրանց ծրագրերին, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը չի բացառում այդ կապը և հիշեցնում է, որ Թուրքիայում Հայ առաքելական եկեղեցին դիտարկվում է որպես թիրախ:
«Այն, ինչ կատարվում է, շատ համահունչ է և շատ ցանկալի է Թուրքիային ու Ադրբեջանին: Փաշազադեի հայտարարությունը բոլորիս ծանոթ է, բայց դա միայն երևացող կողմն է: Փաշազադեի հայտարարության տակ թաքնված է Անկարայի ու Բաքվի տասնամյակների մշակված քաղաքականությունն ընդդեմ հայ եկեղեցու»,- ընդգծեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
Եկեղեցու վերաբերյալ իր վերջին գրառումներից մեկում Փաշինյանը նշում էր, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Բարձրագույն հոգևորականներն արձագանքում են, որ կաթողիկոսի փոփոխության և ընտրության հարցը Նիկոլ Փաշինյանի որոշելիքը չէ:
«Գոյություն ունի ազգային եկեղեցական ժողով, կան եկեղեցական բարձրագույն մարմիններ, որոնք որոշում են այդ հարցը: Փաշինյանը ո՛չ որպես վարչապետ, ո՛չ որպես հավատացյալ, եթե, իհարկե, ինքը հավատացյալ է, որովհետև ես դրա վերաբերյալ կասկածներ ունեմ, նման իրավասություն չունի»,- շեշտեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Նա վստահեցրեց, որ Հայ առաքելական եկեղեցու օրակարգում կաթողիկոսի փոփոխության հարց չկա: