Հայ գերիների համար ցույցն իրականացրինք Կոպենհագենում, որ Հրվ. Շվեդիայի հայերը ևս մասնակցեն. Ավագյան

Շվեդիայի և Դանիայի հայերը ցույց են արել, որի ժամանակ կոչ են արել Դանիայի քաղաքական ղեկավարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների խախտումները կանխելու ուղղությամբ:

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է Սկանդինավիայի հայերի միության ներկայացուցիչ Անահիտ Ավագյանի հետ:

«Հայ գերիների համար ցույցը կազմակերպվել է Կոպենհագենում՝ Դանիայի խորհրդարանի առջև: Բայց մինչ այս մենք աշխատանքներ ենք տարել գերիների վերադարձի համար, և այս ակցիան այդ աշխատանքների մասն էր: Դանիան շատ մոտ է Հարավային Շվեդիային և ավելի հարմար էր, որ ակցիան լիներ Կոպենհագենում: Այդկերպ Հրվ. Շվեդիայի հայերը ևս կկարողանային միանալ մեզ: Մենք նաև Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի խորհրդարանի անդամներին նամակներ ենք ուղղել՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել գերիների ազատ արձակման համար»,- ասել է Ավագյանը:

Նա նաև հայտնել է, որ նոր ակցիաների համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

«Դանիայի խորհրդարանի պատգամավոր Շյուրուր Սկոլեն ևս ներկա էր ակցիային: Նա հայամետ է և կարծում է, որ Հայաստանի և Դանիայի արժեհամակարգերը համընկնում են: Պատգամավորը վերջերս մեծ ճառ է ներկայացրել խորհրդարանում, որտեղ խոսել է նաև Արցախի, Հայոց ցեղասպանության մասին: Մենք փորձում ենք ամեն կերպ խոսել այն ամենի մասին, ինչը մեզ մտահոգում է, և անում ենք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է: Այժմ նոր ակցիաների համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Հույս ունենք, որ կկարողանանք օգնել մեր գերիներին»,- եզրափակել է Անահիտ Ավագյանը: