Հայ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ «World Challenge Cup» միջազգային մրցաշարի չեմպիոն

10 Մայիսի 2026, 10:00

Սպորտ

Հայ մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը հաղթող է դարձել սպորտային մարմնամարզության «World Challenge Cup» 2026 մրցաշարի փուլում, որն անցկացվում է Բուլղարիայի Վառնա քաղաքում։

Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել օղակների վարժությունում։ Եզրափակչում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը ստացել է 14,233 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ առաջ անցնելով Գերմանիայի և Ուզբեկստանի ներկայացուցիչներից։

Երկրորդ տեղը զբաղեցրել է հայկական ծագում ունեցող մեկ այլ մարմնամարզիկ՝ Արթուր Սահակյանը, որը հանդես է գալիս Գերմանիայի հավաքականի կազմում։ Նրա արդյունքը կազմել է 13,566 միավոր։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ուզբեկստանի ներկայացուցիչը։

Ավելի վաղ հայ մարմնամարզիկը դարձել էր նաև 2026 թվականի Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող օղակների վարժությունում՝ փուլերի շարքի արդյունքներով հավաքելով անհրաժեշտ վարկանիշային միավորները։ Աշխարհի գավաթի շրջանակում նա նվաճել էր մեկ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։