Հայ մարզիկները փայլուն արդյունքներով են վերադարձել քիքբոքսինգի աշխարհի բաց առաջնություններից

13 Մայիսի 2026, 19:15

Սպորտ

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մարզիկները փայլուն արդյունքներ են ապահովել Հունաստանում կայացած K-1 և քիքբոքսինգի աշխարհի բաց առաջնություններում։

Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մայիսի 8-13-ը Հունաստանի Սերես քաղաքում անցկացվել են K-1 և քիքբոքսինգի աշխարհի բաց առաջնություններ, որտեղ հիանալի է հանդես եկել Սևանի K-1 Էդգար մարզասրահի ֆեդերացիայի և Սևանի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցի չորս մարզիկից բաղկացած թիմը։  

Նպատակասլաց մարզումների շնորհիվ չորս մարզիկն էլ դարձել են աշխարհի չեմպիոններ, իսկ 13 մարզիկից բաղկացած Հայաստանի թիմն ընդհանուր հաշվարկում գրավել է առաջին հորիզոնականը։

Սևանցի չեմպիոններն են Ռազմիկ Շուշանյանը, Հովսեփ Ղարիբյանը, Լևոն Խաչատրյանը, Վահե Խաչատրյանը, որոնք 30 երկիր ներկայացնող 2500 մասնակիցների մեջ փայլել են  իրենց վարպետությամբ և պատրաստվածությամբ:

Ռազմիկ Շուշանյանը K-1 բաժնում հաղթել է Հունաստանի մարզիկին, իսկ քիքբոքսինգի բաժնում նա նաև եզրափակչում հաղթել է  Կիպրոսի մարզիկին։

Հովսեփ Ղարիբյանը K-1 դիվիզիոնում հաղթել է Ալբանիայի մարզիկին, իսկ քիքբոքսինգի դիվիզիոնի եզրափակչում նոկաուտով հաղթել է Կիպրոսի մարզիկին։

Լևոն Խաչատրյանը եզրափակչում հաղթել է Վրաստանի մարզիկին և դարձել չեմպիոն։

Վահե Խաչատրյանը եզրափակչում հաղթել է  Անգլիայի ներկայացուցչին և դարձել չեմպիոն։

«Նման արդյունքները ոչ միայն տպավորիչ են, այլ նաև բոլորիս հպարտություն ու ուրախություն պատճառող։ Իսկ այս ամենը նպատակասլաց, ջանադիր աշխատանքի արդյունք է, որն իրականացնում են մեր մարզիչները և մարզիկները»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։