Հայ ուսանողները Հայաստանի կողմից լքված են. Գոհար Վեզիրյան
03 Մայիսի 2025, 00:15
Ապրիլի 24-ին պլանավորված էր դիտել Արցախի մասին «Տունս քաղցր ա» ֆիլմը, սակայն ապրիլի 23-ին նամակ ենք ստանում Բերքլիի Մարդու իրավունքների կենտրոնից, որում ասվում է, որ դիտումը չեղարկվել է՝ առանց որևէ պատճառաբանություն նշելու: Այս մասին Alpha News-ի եթերում ասաց լրագրող, Կալիֆորնիայի համալսարանի (Բերքլի) ուսանող Գոհար Վեզիրյանը:
Նա պատմեց, որ հաջորդ օրը Հայկական ուսումնասիրության կենտրոնը պատասխան նամակ է հղել՝ պարզաբանելու, թե որն է պատճառը: Մարդու իրավունքների կենտրոնից հայտնել են, որ բողոքի ակցիա է լինելու, և իրենք չեն կարող ապահովել ուսանողների անվտանգությունը, ուստի չեղարկել են ֆիլմի դիտումը:
«Չեղարկումից հետո՝ ապրիլի 26-ին, որոշվեց, որ պետք է հավաքվել, չպետք է լռել, մանավանդ, որ ադրբեջանցի ուսանողները Բերքլիում քիչ են: Ըստ էության, հանրահավաքը տեղի ունեցավ: Հանրահավաքին հիմնականում հայ ուսանողներ էին մասնակցում, բայց կային նաև այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք եկել էին՝ իրենց մասնակցությունը ֆիքսելու: Կարևոր մի բան՝ հանրահավաքից հետո Մարդու իրավունքների կենտրոնը նոր հաղորդագրություն է տարածում, որում պաշտոնապես հայտարարում է, որ իրենք զանգ են ստացել Լոս Անջելեսում տեղակայված Ադրբեջանի հյուպատոսությունից: Այդ զանգը, հավանաբար, ահաբեկել է նրանց, և որոշել են չեղարկել ֆիլմի դիտումը: Թե ինչ բովանդակություն է ունեցել զանգը, չեն նշել»,-ասաց Գոհար Վեզիրյանը:
Նշենք, որ ֆիլմը կցուցադրվի սեպտեմբերի 18-ին:
«Ադրբեջանական լոբինգը միշտ է աշխատել: Վերջին իրադարձություններից հետո, երբ մենք պարտվող կողմ ենք, նրանց հրճվանքն էլ ավելի է ուժեղացել, քանի որ հիմա հաղթողի դիրքից են այդ ամենն անում: Երբ ես այդ մասին գրառում կատարեցի, հայաստանյան լրատվամիջոցները միայն արտատպեցին գրառումը: Եվ Հայաստանի այդ լռությունը նպաստում է, որ Ադրբեջանը շատ ավելի ագրեսիվ թիրախավորի սփյուռքին: Այստեղ հայ ուսանողները կարծես լքված են, Հայաստանի հետ կապը չկա: Տեղի ուսանողների հայացքը միշտ ուղղված է դեպի Հայաստան, քաջատեղյակ են Հայաստանից, Հայաստանում կատարվող իրադարձություններից, շարունակում են խոսել հայերեն, հայ գրականություն ուսումնասիրել: Եվ դա, կարծում եմ, չի կարող արդյունք չտալ» ,-հավելեց Գոհար Վեզիրյանը: