Հայ պատանդների ազատ արձակումը իրական խաղաղության նախապայմանն է․ Եղիսաբեթ Չուլջյան
24 Հուլիսի 2026, 23:37
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում ապօրինի պահվող հայերին։ Նախաձեռնությանը, որը հեղինակել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի աջակցությամբ, կողմ է քվեարկել հանձնաժողովի 44 անդամ, դեմ՝ 7-ը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամուլի խոսնակ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով՝ սա Վաշինգտոնից Բաքվին ուղղված ազդեցիկ ուղերձ է։
«Ադրբեջանի կողմից պատանդների ազատ արձակումը, Արցախի բռնի տեղահանված բնակչության ապահով վերադարձը և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը սակարկության առարկա չեն։ Դրանք իրական խաղաղության հասնելու անհրաժեշտ նախապայմաններն են և չեն կարող ծառայել Բաքվի համար որպես բանակցային պայմաններ»,- նշել է Չուլջյանը։
Նրա խոսքով՝ առաջարկի նախնական տարբերակում ներառված էր նաև «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի սահմանափակումների լիարժեք կիրառման պահանջը, որը նախատեսում է ԱՄՆ ռազմական աջակցության սահմանափակումներ Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն հանձնաժողովի նախագահի աջակցությունն ապահովելու և նախագիծն առաջ մղելու համար Շերմանը համաձայնել է փաստաթուղթն այս փուլում սահմանափակել միայն ռազմագերիների հարցով։