Հայ-ռուսական հարաբերությունները շարժվում են բացասական սցենարով և կարող են վերջնական խզման գնալ. Վլադիմիր Կիրեև
02 Նոյեմբերի 2023, 21:30
Ռուս քաղաքագետ Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ռուսական և հայկական միության զարգացման հեռանկարը:
Փորձագետի խոսքով՝ ներկայումս հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են բացասական սցենարով։
«Հայաստանի ղեկավարությունը կատարում է գործողություններ, որոնք ցույց են տալիս Ռուսաստանի և նրա ինտեգրացիոն նախագծերի հետ հարաբերությունները խզելու ձգտումը։ Հայ հասարակության համար ձևավորվում է պատկերացում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կրում են ոչ շահավետ բնույթ, որ նա չի պաշտպանել Լեռնային Ղարաբաղը և չի նպաստում Հանրապետության տնտեսական զարգացմանը: Կարծում եմ, որ այդ փաստարկները հիմնված չեն տեղի ունեցող գործընթացների իրական վերլուծության վրա։ Ռուսաստանը, ընդհակառակը, հիմք է հանդիսանում իրական համագործակցության համար», — ասել է Կիրեևը։
Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանը միտումնավոր էր իրավիճակը տանում դեպի Լեռնային Ղարաբաղի կորուստ, քանի որ դա խանգարում էր նրա ինտեգրմանը արևմտյան կառույցներին:
«Լեռնային Ղարաբաղի հարցը Հայաստանի ներսից և դրսից տրամագծորեն հակառակ տեսք ունի։ Հայ հասարակության համար վերջին տարիներին ձևավորվել է պատկերացում, որ Ռուսաստանը չի պաշտպանում հայկական շահերը, և դա ներկայացվում էր որպես փաստարկ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու համար։ Իսկ Հայաստանին շրջապատող բոլոր երկրների ներկայացուցիչները վստահ են, որ Փաշինյանը միտումնավոր էր իրավիճակը տանում դեպի Լեռնային Ղարաբաղի կորուստ, քանի որ դա խանգարում էր նրա ինտեգրմանը արևմտյան կառույցներին։ Դրանում մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների էլիտաների գաղափարական դրվածքը, որն ուղեկցել է Փաշինյանին և նրա շրջապատին՝ նրանց՝ որպես քաղաքականապես ակտիվ քաղաքացիների ձևավորման պահից», — նշել է փորձագետը։
Կիրեևը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հայ-ռուսական հարաբերությունների վերջնական խզում:
«Ռուսաստանի Դաշնության կողմից շատ երկար ժամանակ հույս կար, որ Հայաստանի հետ խզում տեղի չի ունենա։ Եվ որ հարաբերությունների սառեցումից հետո ինչ-որ հնարավորություններ կհայտնվեն նորմալացման, երկկողմ կապերի ակտիվության բարձրացման համար։ Առավել ևս, որ Ռուսաստանն ավելի ու ավելի սերտորեն համագործակցում է տարածաշրջանի երկրների հետ և, ընդհանուր առմամբ, վեկտորը տանում է դեպի հարավ՝ իր քաղաքական և տնտեսական զարգացման համար։ Եվ Հայաստանը կարող էր այդ լոգիստիկ ցանցի մի մասը լինել դեպի Հնդկաստան, Իրան, Պակիստան, Սաուդյան Արաբիա։ Բայց իրավիճակը զարգանում է այնպես, որ հարաբերությունները դառնում են անդառնալիորեն վատ։ Ռուսաստանի ղեկավարությունն այս ամենը հասկանում է և ընդունում, որ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հայ-ռուսական հարաբերությունների վերջնական խզում, այդ թվում՝ Երևանը դուրս կգա ինտեգրացիոն կառույցներից», — եզրափակել է փորձագետը։