Հայ-ռուսական լարվածությունն առաջին հերթին ձեռնտու չէ մեր կառավարությանը․ Աղասի Թավադյան
26 Հունիսի 2026, 22:45
Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծված իրավիճակն առաջին հերթին ձեռնտու չէ մեր կառավարությանը։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է տնտեսագետ, «tvyal.com» կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը։
«2018 թվականից ի վեր Հայաստանից արտադրանքի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է գրեթե 5 անգամ, իսկ դեպի ԵՄ երկրներ նվազել է շուրջ 1 տոկոսով։ Այս պահին գյուղատնտեսական ապրանքների մեծ մասը, որոնք ՌԴ-ի կողմից ներկրման արգելքի տակ են, չեն կարողանում գնալ եվրոպական երկրներ։ Հայաստանն ունի արտադրանք, սակայն այս պահին այն մնացել է առանց հասցեատիրոջ»,- նշել է Թավադյանը։
Նրա խոսքով՝ հայկական արտադրանքի համար դժվար է նոր սպառող գտնել, քանի որ այն համապատասխանում է եվրասիական, այլ ոչ թե եվրոպական ստանդարտներին։
«Եթե նույնիսկ այն համապատասխաներ եվրոպական չափանիշներին, երկար ժամանակ է անհրաժեշտ այնտեղ հասցնելու համար, և դա իր հերթին լրացուցիչ խնդիրներ է առաջացնում արտահանողների համար։ Այդ բոլոր ապրանքները ստեղծված են ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար»,- ընդգծել է տնտեսագետը։