Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման օրակարգում

11 Նոյեմբերի 2026, 19:40

Քաղաքականություն

Անթալիայում ընթացող Առաջնորդների գագաթաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցն Անթալիա և մասնակցությունը միջոցառմանը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին գագաթաժողովի լավ կազմակերպման առթիվ։ Վարչապետը նաև ցավակցություն է հայտնել Իզմիրի մետաղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի կապակցությամբ։

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ կարևորելով այն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ընդգծվել են մինչ այժմ իրականացված միջոցառումները, ձեռք բերված պայմանավորվածությունները և առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ։ Նրանք ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ նշելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Քննարկվել են նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանն ուղղված քայլերը։