Հայ զինվորականների բացակայությունը Հաղթանակի շքերթին՝ Փաշինյանի քաղաքական կարճատեսության արդյունք. Անատոլի Մատվիյչուկ

07 Մայիսի 2025, 21:45

Կարծիք

Ռուս ռազմական մեկնաբան Անատոլի Մատվիյչուկը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա՝ առանց հայկական շքերթային հաշվարկի:

«Մինչ վերջերս Նիկոլ Փաշինյանը ձգձգում էր Մոսկվա մեկնելու հարցի պատասխանը: Կարծում եմ՝ կամ նրա վրա ինչ-որ մեկը ճնշում է գործադրել, կամ նրա մոտ, այնուամենայնիվ, գործել է ինքնապահպանման բնազդը, որ պետք է գնալ: Չէ՞ որ, այնուամենայնիվ, հայ ժողովուրդը հաղթող ժողովուրդ է, որը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին Խորհրդային Միության կողմից։ Բայց բանակը պատրաստելու համար ժամանակ չկա: Ահա, ԱՊՀ երկրները, ՀԱՊԿ-ն 2-3 ամսում ուղարկել են իրենց զինվորներին ու սպաներին, որոնք պատրաստություն են անցել և պատրաստ են շքերթին: Միայն Փաշինյանի դանդաղկոտությունն ու Ռուսաստանի ղեկավարության հետ ուղիղ խոսելու նրա դժկամությունը հանգեցրեցին նման տխուր արդյունքի»,- կարծում է Մատվիյչուկը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի գործողություններում որոշակի մեսիջ է թաքնված, բայց այն չի աշխատում հօգուտ Հայաստանի վարչապետի:

«Ես, այնուամենայնիվ, ձեզ հետ կիսում եմ Հաղթանակի արժեքները, բայց, ինչպես տեսնում եք, զորահանդեսին զինվորներ չեն լինի: Կարծում եմ, որ դա Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարճատեսության արդյունքն է»,- եզրափակել է փորձագետը: