Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը և ՀԱՊԿ-ին կարմիր գծեր են Եվրոպայի համար. Մարինա Կալյուրանդ

17 Հոկտեմբերի 2023, 22:20

Կարծիք | Քաղաքականություն

Եվրամիության «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը հնարավորություն և իրավունք է տալիս գործընկեր երկրներին որոշելու, թե ինչպես են ցանկանում տեսնել Հայաստան-ԵՄ համագործակցությունը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը։

«Ես կարծում եմ, որ համագործակցությունը պետք է ավելի սերտ լինի տարբեր ոլորտներում՝ տնտեսություն, գյուղատնտեսություն, կրթություն, վիզային ռեժիմի դյուրացում։ Սրանք ոլորտներ են, որոնցում, վստահ եմ, համագործակցությունը կարող է շատ ավելի սերտ լինել։

Բայց կան կարմիր գծեր՝ Մաքսային միությունը և ՀԱՊԿ-ը։ Երկրի անդամակցությունն այդ կազմակերպություններին ինչ-որ փուլում կբարդացնի ապագայում մեր հարաբերությունների զարգացումը։

Ներկայումս, ես տեսնում եմ, որ համագործակցությունը կարող է լինել շատ ավելի սերտ։ Այսօր ԵՄ-ՀՀ հարաբերություններն ավելի մոտ են, քան մեկ տարի կամ մի քանի տարի առաջ, գործընթացն ընթանում է, բայց դա երկկողմանի ճանապարհ է։ Առանձին-առանձին ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ն չեն կարող դա անել։ Պետք է լինի կոլեկտիվ քննարկում և որոշում, թե որտեղ, որ ոլորտներում կարող է լինել ավելի սերտ համագործակցություն։ Որտեղ կարող ենք պատասխանել, որ հարաբերությունների բարելավման տեղ կա», — ասել է Կալյուրանդը։