Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հարցը դարձել է հրատապ. անհրաժեշտ է արագ կողմնորոշվել․ Լավրով

10 Հունիսի 2026, 17:29

Քաղաքականություն

Հայաստանը պետք է հնարավորինս արագ հստակեցնի իր ընտրությունը՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, քանի որ հարցն արդեն դարձել է հրատապ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն»-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Հայաստանում արդեն ընդունվել է Եվրոպական միությանն անդամակցելու մասին օրենք, ուստի հարցն արդեն իսկ դարձել է վճռորոշ», -նշել է նա։

Լավրովը հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ «Հայաստանի անդամակցության հարցը պետք է բավական արագ պարզաբանվի»։

«Խնդիրը ոչ թե այն է, որ մենք չենք հարգում հայ ժողովրդի ընտրությունը։ Մենք պարզապես ցանկանում ենք իմանալ, թե որն է այդ ընտրությունը։ Հակառակ դեպքում անհնար կլինի միաժամանակ իրականացնել Հայաստանի՝ Եվրոպական միությանը միանալու մասին օրենքը և շարունակել անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ այս երկու միավորումների գործունեության հիմքում ընկած նորմերն ու կանոնները փոխադարձաբար անհամատեղելի են», — ընդգծել է Լավրովը։