ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանի կողմից կազմակերպության անդամավճարների չվճարման հարցը․ Լավրով

10 Հունիսի 2026, 16:47

Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից անդամավճարների չվճարման պատճառով կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառման հարցը, որը կարգավորում է իրենց պարտավորությունները չկատարող անդամ պետությունների նկատմամբ ձեռնարկվող քայլերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկեցինք այդ հարցը։ Հայաստանն արդեն ավելի քան երկու տարի պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեի նկատմամբ, և այդպիսի իրավիճակը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Այսօր պայմանավորվեցինք ուսումնասիրել ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը», — լրագրողներին ասել է Լավրովը։

ՀԱՊԿ-ի կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ պետությունը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտքը, ապա Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է որոշում ընդունել տվյալ պետության քաղաքացիներին կազմակերպությունում քվոտայով նախատեսված պաշտոնների առաջադրման իրավունքից զրկելու, ինչպես նաև կազմակերպության մարմիններում նրա ձայնի իրավունքը կասեցնելու մասին՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։

Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումները կամ դրանց կատարման նպատակով կազմակերպության մյուս մարմինների ընդունած որոշումները, ապա Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ նույնիսկ բացառել այն կազմակերպությունից։

Նման հարցերով որոշումները տվյալ անդամ պետության վերաբերյալ ընդունվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։

Հիմա եթերում