ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում կվերականգնվի պարտադիր մաքսային հայտարարագրումը
20 Հոկտեմբերի 2026, 15:25
Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի պարտադիր մաքսային հայտարարագրման և վերահսկողության վերականգնմանը։ Այս մասին ասված է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցում:
Նշվում է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կասեցման որոշում ընդունելու դեպքում Հայաստանի, ՀՀ տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների նկատմամբ կկասեցվի 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված իրավական ռեժիմի կիրառումը, որը պայմանավորված է Հայաստանի՝ Միության անդամ պետության կարգավիճակով։
Մաքսային հարաբերությունների ոլորտում նման որոշման հիմնական հետևանքը կլինի «Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ անդամ պետություններ ներմուծվող ապրանքների նկատմամբ պարտադիր մաքսային հայտարարագրման և մաքսային վերահսկողության վերականգնումը՝ երրորդ երկրներից ներմուծման համար ԵԱՏՄ իրավունքով նախատեսված կարգով և պայմաններով»։
Բացի այդ, կվերականգնվի նաև «ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն արտահանվող ապրանքների պարտադիր մաքսային հայտարարագրումն ու մաքսային վերահսկողությունը՝ երրորդ երկրներ արտահանման համար ԵԱՏՄ իրավունքով և ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով և պայմաններով»։