Հայաստանի և Արցախի վրա Ադրբեջանի և Թուրքիայի հարձակման հավանականությունը շատ մեծ է. Վարուժան Գեղամյան
05 Սեպտեմբերի 2023, 22:30
Ռազմական մեծածավալ գործողությունները կամ այլ կերպ ասած Հայաստանի և Արցախի վրա Ադրբեջանի և Թուրքիայի հարձակման հավանականությունը շատ մեծ է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը՝ փորձելով ներկայացնել, թե ինչ ռիսկեր են պարունակում Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժությունները։
«Հայաստանի և Արցախի վրա Ադրբեջանի և Թուրքիայի հարձակման հավանականությունը շատ մեծ է։ Այն մեծ է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամեն օր։ Մենք պարբերաբար տեսնում ենք շրջափուլեր, որտեղ այդ հավանականությունը շատ ավելի մեծանում կամ նվազում է պայմամավորված մի շարք գործոններով։ Այդ գործոնների զգալի մասը կապված է արտաքին քաղաքական կամ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակի հետ։ Եվ Ադրբեջանի ու Թուրքիայի նախապատրաստությունը մեզ հուշում է, որ մենք հերթական շրջափուլի մեջ ենք, որտեղ հավանականությունը ոչ թե մեծ է, այլ շատ ավելի մեծ»,- ասաց Գեղամյանը։
Թուրքագետը ընդգծում է՝ Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերին էլ էր նույն բանը հայտարարում՝ ասելով, որ Նախիջևան տեղափոխված զորքը զորավարժությունների համար է։
«2020-ին նրանք Նախիջևանում զորքեր էին կուտակում, Թուրքիան ինտենսիվ վարձկաններ է տեղափոխում Սիրիայից։ Ադրբեջանը հերքում էր, ասում էր ոչ մի արտառոց բան չկա, միայն զորավարժություններ են, բայց մենք զգուշացնում էինք։ Այդ ժամանակ մեր դիտարկումները ՀՀ իշխանության կողմից չընդունվեցին։
Բայց այն, որ բարձրաձայնվում է կուտակումների մասին, և որ դրանք կարող են նշանակել Հայաստանի ու Արցախի վրա լայնամասշտաբ հարձակում, դեռ չի նշանակում, որ այդ հարձակումը հարյուր տոկոսով տեղի է ունենալու։ Բայց, միևնույն ժամանակ, մենք ասում ենք, որ հավանականությունը մեծ է և պետք է զգոն լինել»,- շեշտեց Գեղամյանը։