Հայաստանի ֆինանսների նախարարն իր տեղո՞ւմ է

Ռուսաստանի տուրիստական գործակալությունների դաշինքի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի ֆինանսների նախարարի հայտարարությունը՝ դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի նվազման և դրանում Ռուսաստանի մեղքի մասին։

«Անդրադառնանք ՀՀ ֆինանսների հարգարժան նախարարի հայտարարությանը: Ռուսաստանը դադարեցրե՞լ է դեպի Հայաստան թռիչքների թույլտվությունը։ Բարեբախտաբար, ոչ։ Ռուսաստանը փակե՞լ է Վերին Լարսը Ռուսաստանի քաղաքացիների համար, որ նրանք չայցելեն Վրաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն: Ոչ, չի փակել: Ռուսաստանն արգելե՞լ է ռուսաստանցիներին ներքին անձնագրով Հայաստան մեկնել: Ոչ, չի արգելել: Ինչպես նախկինում, հիմա էլ է թույլատրվում Հայաստան մեկնել ռուսական անձնագրով»,-ասել է Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը միայն աճել է։

««Ռոսավիացիա»-ն նախկինի պես թույլտվություն տալիս է: Չվերթներ իրականացվում են, ինչպես հասկանում եմ ՌԴ ավելի քան 15 քաղաքներից: Դրանք ավիաչվերթներ են։ Չեղարկումներ չկան: Ընդ որում, թռիչքներ են իրականացնում և՛ հայկական, և՛ ռուսական ավիաընկերությունները: Զբոսաշրջության ոլորտում մենք հիմնականում վերահսկում ենք ավիափոխադրումները, քանի որ զբոսաշրջիկների 99%-ը Հայաստան է հասնում ինքնաթիռով, միայն 1%-ը՝ մեքենաներով: Մեզ մոտ, հակառակը, չվերթներ են ավելացել Սոչիից, Միներալնիե Վոդիից, Մոսկվայից, Պետերբուրգից: Ե՛վ ավիատոմսերի, և՛ Հայաստանում բնակության գներն, ըստ էության, խելամիտ են, այսինքն՝ չենք տեսնում տուրիստական հոսքի նվազում»,- ասել է փորձագետը:

Մեր հյուրը կասկածի տակ է դրել Հայաստանի ֆինանսների նախարարի կոմպետենտությունը և ՀՀ վարչապետին առաջարկել դրանից եզրակացություններ անել։

«Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը պետք է դիտարկի ՀՀ ֆինանսների նախարարի մասնագիտական պիտանելիության հարցը: Արդյոք նա իր տեղում է: Եթե ոչ, ապա պետք է նրան փոխարինել այն անձի հետ, ով գիտի անաչառ հաշվել, ահա և վերջ: Այսինքն, այստեղ խնդիրը հենց ՀՀ ֆինանսների հարգարժան նախարարի հաշվարկներն են»,-եզրափակել է Alpha News-ի զրուցակիցը: