Հայաստանի հավաքականը մեդալներ է նվաճել Կրասնոդարի սամբոյի «Գրան պրի» մրցաշարում
27 Հունիսի 2023, 13:05
Կրասնոդարի «Չեմպիոն» մարզահամալիրում, որտեղ բացվել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետի գավաթի սամբոյի «Գրան պրի» միջազգային մրցաշարը, հունիսի 24-ին տեղի է ունեցել «Սամբոն երիտասարդության հայրենասիրական դաստիարակության առաջատար օղակն է» տարածաշրջանային համաժողովը: Այս մասին հայտնում է «Կրասնոդարի երկրամասի Ռուսաստանի հայերի միության» տելեգրամյան ալիքը։
Հայաստանի հավաքականն այս մրցաշարում նվաճել է 4 մեդալ և զբաղեցրել երկրորդ թիմային տեղը Ռուսաստանից հետո: Մինչև 98 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող է դարձել Արսեն Խանջյանը: Նարեկ Ամիրյանը (71 կգ) եւ Ալեքս Ստեփանյանը (79 կգ) նվաճել են արծաթ, իսկ Տիգրան Կիրակոսյանը (58 կգ)՝ բրոնզ:
Կուրգանինսկից 64 կգ քաշային Վլադիմիր Մնացականյանը նույնպես ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում հաղթելով ադրբեջանցի մարզիկին: Բրոնզե մեդալակիր են դարձել ռուսաստանցի Դավիթ Հովհաննիսյանը (98 կգ) եւ Վյաչեսլավ Իշխանյանը (88 կգ) Թուրքմենստանից:
Սամբոյի «Գրան պրի» մրցաշարին մասնակցել են ավելի քան 100 մարզիկներ ՌԴ-ից, Հայաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից և այլն:
Եզրափակիչ մրցումներում մրցել են 28 մարզիկներ: Մարզական և մարտական սամբոյի մրցումներն անցկացվել են 7 քաշային կարգերում: