Հայաստանի իշխանությունների քաղաքական վարքը էական դժվարություններ է առաջացրել Հայ դատի աշխատանքների համար․ Գևորգ Ղուկասյան
02 Փետրվարի 2024, 23:44
Հայաստանի իշխանությունների քաղաքական վարքը էական դժվարություններ է առաջացրել Հայ դատի աշխատանքների համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
«Հայ դատը շուրջ 80 տարվա պատմություն ունեցող միջազգային ցանցային կառույց է։ Այդ տարիների ընթացքում Հայ դատի, ընդհանրապես միջազգային ցանցի դեմ պայքարողների պակաս չի եղել, պայքարել են տարբեր խմբեր, տարբեր պետություններ։ Հայ դատի գաղափարների դեմ պայքարը մեզ խորթ չէ։ Մենք չենք կարող դադարեցնել պայքարը՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների քաղաքական դիրքորոշումը։ Իշխանությունների դիրքորոշումը, քաղաքական վարքն էական դժվարություններ է առաջացրել Հայ դատի աշխատանքների համար»,- ընդգծել է Գևորգ Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ անկախ Հայաստանի ներկայիս իշխանությունների դիրքորոշմանը, Հայ դատը շարունակում է իր աշխատանքները։
«Հայ դատի համակարգը յուրաքանչյուր երկրում, տարածաշրջանում ունի ճշտված քաղաքական առաջնահերթություններ, որոնց ուղղությամբ շարժվում է՝ անկախ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից։ Հայ դատն իր գործունեության վերջին տասնամյակների ընթացքում ունեցել է գործողությունների հիմնական 3 ուղղություններ։ Առաջինը՝ բնականաբար, Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությունն էր ու, պահի թելադրանքով, Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությունը։ Երկրորդ խնդիրը Ցեղասպանության ճանաչումն էր, որը գործիք էր Թուրքիայի՝ հետագա ցեղասպանական գործողությունները կանխելու համար։ Երրորդը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին օժանդակության ապահովումն էր։ Այս բոլոր առաջնահերթությունները ներկայումս էլ կան, ուղղակի 44-օրյա աղետալի պատերազմից հետո մենք մարտավարական հընթացս վերանայումներ ենք կատարում ու փորձում ենք մեր առաջնահերթությունները հարմարեցնել այն իրավիճակին, որ ունենք»,- նշել է Գևորգ Ղուկասյանը։