Հայաստանի իշխանությունների ընտրած ճանապարհն անհամատեղելի է Արցախ ունենալու հետ․ Շահրամանյան
27 Սեպտեմբերի 2026, 10:39
Այն ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանությունները և այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարներին՝ Սամվել Շահրամանյանը շեշտել է, որ խաղաղությունը նույնպես ընտրության հարց է․
«Մենք ձգտում ենք խաղաղության, և այդ խաղաղությունը ևս ընտրության հարց է․ թե ինչպիսի խաղաղություն ենք ուզում և ինչ գնով։ Հարցն այն է, թե ինչ գին ենք վճարում այս խաղաղության համար և ինչ գին ենք վճարելու»։
Խոսելով Հայաստանում հաստատված արցախցիների առաջնահերթ պահանջների մասին՝ Արցախի նախագահն ընդգծել է արժանապատիվ կենսապայմանների ապահովման անհրաժեշտությունը․
«Արցախցիները բազմաթիվ անգամներ են հնչեցրել այդ պահանջները՝ և՛ հանրային ձևով, և՛ վերջերս Ազգային ժողովում կայացած հավաքի ժամանակ։ Այս պահին արցախցիները պետք է կարողանան արժանապատիվ ապրել Հայաստանի Հանրապետությունում, որը նաև իրենց հայրենիքն է»։