Հայաստանի իշխանությունները երազում են, որ Ռուսաստանը դուրս գա Լեռնային Ղարաբաղից. Կոնստանտին Զատուլին

16 Օգոստոսի 2023, 12:05

Քաղաքականություն

Այսօր Հայաստանի իշխանությունները երազում են, որ Ռուսաստանը ընդմիշտ կլքի Կովկասը, և հույս են փայփայում, որ ուրիշը կօգնի իրենց։ Սա անբնական է։ Այս մասին Pravda.Ru-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Փաշինյանի կառավարությունը ժամանակ առ ժամանակ ասում է՝ մենք պնդում ենք, որ երաշխիքներ տրվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։ Բայց միևնույն ժամանակ ասում են, որ գործընթացը պետք է ընթանա ոչ թե Բաքվի և Երևանի, այլ Բաքվի և Ստեփանակերտի միջև։

Թե ինչպես է ընթանում գործընթացը, պարզ է դառնում Ադրբեջանի դիրքորոշումից, որն ընդհանրապես չի ճանաչում Ղարաբաղի ղեկավարությունը, պատրաստվում է չեղյալ համարել անգամ «Լեռնային Ղարաբաղ» աշխարհագրական անվանումը, իսկ նախագահ Ալիևը բազմիցս հայտարարել է՝ ԼՂ հայերը կարող են Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ, բայց եթե նրանք չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի (և իսկապես չեն ուզում դա անել այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել), ապա պետք է հեռանան այնտեղից:

Ինչպես վկայում են պատմական փաստերը, հնագույն հուշարձանները, տաճարները և այլն, պահանջել, որ արցախցիները լքեն այս տարածքը այն հիմքով, որ չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի: Սա 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի տեղահանության և ցեղասպանության կրկնության ձևն է՝ Ադրբեջանը հայերին դուրս է մղում Լեռնային Ղարաբաղից, որպեսզի ստանա այս տարածքն առանց բնակչության»,- ասել է ռուս պատգամավորը։

Նրա խոսքով, Լաչինի անցակետը ստեղծվել է, որպեսզի բացառվի Լեռնային Ղարաբաղի հայերին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը, եթե Ադրբեջանի ԶՈւ-ն սկսի կռվել նրանց հետ։ Բաքուն շահագրգռված է հնարավորինս շուտ ընդմիշտ լուծել այս խնդիրը, այսինքն՝ վերացնել Լեռնային Ղարաբաղը որպես տերմին, նույնիսկ աշխարհագրական տարածք։

«Այս ամենը միասին վերցրած ծանր մեղադրանք է Հայաստանի ներկայիս իշխանությանը, որը ոչ միայն չի կարողանում պաշտպանել հայերի շահերը, այլեւ հանգեցնում է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների աստիճանական լուծարմանը։ Փաշինյանը հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում։ Մենք Հայաստանից օգնություն չենք ակնկալում, կարող ենք ինքներս գլուխ հանել, բայց նման հայտարարությունները որոշակի ֆոն են ստեղծում, չնայած նրան, որ հենց Հայաստանում կա ռուսական բազա, որպեսզի Հայաստանը հանգիստ լինի իր հարեւանների նկատմամբ։

Հայաստանի հարեւանը Թուրքիան է, որը չի ճանաչում 20-րդ դարասկզբին իրագործած Հայոց ցեղասպանությունը, և որն անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի դեմ իր պահանջներին։ Այս իրավիճակը մեզ ստիպում է անհանգստանալ մարդկանց ճակատագրով, հատկապես, որ մեր նախնիները Ռուսաստանում ստանձնել են Կովկասի քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, վրացիների ճակատագրի պատասխանատվությունը: Եվ չնայած այն ժամանակ պատմությունը զարգացավ տարբեր ձևերով, մենք ավարտեցինք մեր խնդիրը: Այսօր անբնական է, որ Հայաստանի իշխանությունները երազում են, որ Ռուսաստանը ընդմիշտ կլքի Կովկասը, և հույս են փայփայում, որ ուրիշը կօգնի իրենց։ Երբ Ռուսական կայսրությունում քաղաքացիական պատերազմ էր, նրանք նույնպես սպասում էին, որ Արևմուտքը կօգնի, բայց ոչ ոք չօգնեց: Իսկ բոլշևիկները պահպանեցին և՛ հայությունը, և՛ հայկական պետականությունը՝ ի դեմս Հայկական ԽՍՀ-ի»,- հավելել է Զատուլինը։

Այժմ, ըստ պատգամավորի, իրավիճակի բարդությունն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ, և Թուրքիան առանց վարանելու օգտվում է դրանից։

«Նրանք որոշեցին, որ տնտեսդական կապեր ունեցող Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդացնելու ռիսկերը ավելի քիչ նշանակություն ունեն, քան հավատարմության դրսևորումը ՆԱՏՕ-ին, Ուկրաինային, Ադրբեջանին, որոնք ավելացնում են Թուրքիայի պահանջները։ Այստեղ խոսքը այն մասին է, որ Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Կովկասից, որտեղ պատմականորեն միշտ եղել է»,- եզրափակել է Զատուլինը։