Հայաստանի իշխանությունները իրավիճակը ներկայացնում են այնպես, կարծես ՀԱՊԿ-ն է իրենց դուրս մղում կազմակերպությունից. Նիկոլայ Սիլաև

13 Նոյեմբերի 2026, 22:45

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու որոշմանը, հայ-ռուսական հարաբերություններին, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանի եվրաինտեգրման հնարավորություններին և Ուկրաինայի շուրջ ընթացող բանակցային գործընթացին։

«Ընտրվել է գործնականում անխուսափելի որոշման տարբերակը, որն այդուհանդերձ չի փոխում ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի անվտանգության ներկայիս երաշխիքները։ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված է այն իրավիճակը, երբ երկիրը չի վճարում անդամավճարները և չի մասնակցում կազմակերպության միջոցառումներին։ Նման դեպքերում հետևանքներն առաջանում են գրեթե ինքնաբերաբար, և տարօրինակ կլիներ կանոնադրության այդ դրույթը չկիրառելը։

Հայաստանը պահպանում է իր անդամակցությունը և իրավական ուժ ունեցող երաշխիքները։ Երկրի իշխանությունները քաջ գիտակցում են, որ Երևանն ունի անվտանգության ապահովման ընդամենը երկու՝ իրավականորեն ամրագրված մեխանիզմ՝ Ռուսաստանի հետ երկկողմ դաշնակցային հարաբերությունները և ՀԱՊԿ-ը։ Հերթում չկան այլ երկրներ, որոնք պատրաստ են Հայաստանին համադրելի երաշխիքներ տրամադրել։

Երկրի ներսում անպայման հարց է բարձրացվելու, թե ինչու Հայաստանը հրաժարվեց այդ երաշխիքներից։ Հետևաբար իշխանությունները չեն ցանկանում իրենց վրա վերցնել հարաբերությունների խզման պատասխանատվությունը և փորձում են իրավիճակն այնպես ներկայացնել, թե իբր ՀԱՊԿ-ն ինքն է Հայաստանին դուրս մղում։ Սակայն կազմակերպությունը որևէ մեկին դուրս չի մղում։ Հարաբերությունների խզման ողջ պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի իշխանությունների վրա»,- ընդգծել է փորձագետը։

Հիմա եթերում