Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի և Բաքվում պահվող հայ գերիների հարցերը տարբեր թեմաներ են․Նիկոլ Փաշինյան
06 Հոկտեմբերի 2026, 21:52
Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի և Բաքվում պահվող հայ գերիների հնարավոր փոխանակման հարցերը տարբեր հարթություններում են։ Այս մասին Infocom-ի «Ctrl Z» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է ադրբեջանցի զինծառայողին փոխանակել Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ, վարչապետը նշել է․
«Դրանք տարբեր թեմաներ են, նախկինում էլ են նման իրավիճակներ եղել։ Մենք ունենք պայմանավորվածություն, որ զինծառայողների սահմանն անցնելու դեպքերը դիտարկվելու են մնացած բոլոր հարցերից անջատ։ Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, թե մեր գերիներից մեկին վերադարձնեն, որպեսզի տվյալ զինվորին փոխանցենք, ապա վաղը, մեր կողմից սահմանն անցնելու դեպքում, մենք ում հետ ենք փոխանակում իրականացնելու»։
Դիտարկմանը, որ տվյալ պարագայում էական տարբերությունն ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ տարածքում ենթադրյալ հանցագործություն կատարելու փաստն է, Փաշինյանն արձագանքել է․ «Դա այլ հարց է․ եթե հանցագործություն է կատարել, ապա կդատապարտվի»։
Վարչապետի փոխանցմամբ՝ ձերբակալության պահին ադրբեջանցի զինծառայողը դիմադրություն չի ցույց տվել և հանձնվել է իրավապահ մարմիններին։
«Նա իր մոտ ունեցել է ամբողջական պահունակով ավտոմատ։ Մտել է տուն, քնել, որից հետո տանտերերը վերադարձել են և հայտնաբերել նրան։ Անսպասելիության ու առաջացած խառնաշփոթի հետևանքով էլ տեղի է ունեցել միջադեպը»,— պատմել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը ապօրինի ներթափանցել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի բնակարաններից մեկը և կրակ բացել տանտիրուհու ուղղությամբ՝ վերջինիս երկու անչափահաս երեխաների ներկայությամբ։ Զինծառայողը պատանդ էր վերցրել երեխաներին, ხოლო մայրը, պաշտպանելով նրանց, ստացել էր ծանր մարմնական վնասվածք՝ զրկվելով ձախ ձեռքի երեք մատներից։
Նասիմի Մուսաևը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, հրազենի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, ինչպես նաև բնակարանի անձեռնմխելիությունըախախտելու հատկանիշներով։