«Հայաստանի սոխակը»՝ Գոհար Գասպարյանը 100 տարեկան է
14 Դեկտեմբերի 2024, 23:50
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, օպերային արվեստի մեծագույն վարպետ, սոպրանո Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակն է։
Մի օպերային համերգից հետո Ավետիք Իսահակյանը մոտեցել է Գոհար Գասպարյանին և հարցրել. «Այդ դո՞ւ ես սոխակից երգել սովորել, թե՞ սոխակը քեզանից»։ Երբ երգչուհին սկսել է ծիծաղել, Ավ. Իսահակյանը շարունակել է. «Լավ, այսուհետ քո անունը կլինի «Հայաստանի սոխակ»։
ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին ծնվել է 1924 թվականին Կահիրեում, Միքայել և Արուսյակ Խաչատուրյանների երաժշտասեր ընտանիքում։ Ինը տարեկանից երգել է Կահիրեի հայոց եկեղեցում։ Նախնական կրթությունը ստացել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում։ Այնուհետև սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետներ Էլիզ Ֆելդմանի և Վինչենցո Կարրոյի դասարաններում։ Աշակերտել է նաև աշխարհահռչակ դիրիժորներ Ֆրանչեսկո Մոլինարիին և Հյուտտելին, որոնք պատերազմի տարիներին շուրջ հինգ տարի ապրեցին և ստեղծագործեցին Կահիրեում։
Գասպարյանին սիրում էին ոչ միայն Հայաստանում, նրա անունը լսելի էր ամենուր։ Նա ելույթներ է ունեցել Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Հունգարիայում, Թուրքիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում ։ Նրան ծափահարել են աշխարհի նշանավոր թատրոններում՝ Նյու Յորքի «Carnegie Hall», Փարիզի «Grand Opéra», Մոսկվայի «Bolshoi Théâtre» և այլուր։
Երգչուհին հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։
Օպերային դիվան ամբողջ սրտով սիրում էր հայրենիքը, դա արտացոլվում էր նրա գործողություններում: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ Գասպարյանը խոստացել էր, որ վաստակած հոնորարների մեծ մասը կտրամադրի բարեգործությանը։
Գասպարյանն ուներ ուժեղ բնավորություն։ Կարող էր հանգիստ արտահայտել իր դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ, ինչի ապացույցն է Թուրքիայում տեղի ունեցած դեպքը։ Երբ Գոհար Գասպարյանը Թուրքիա էր մեկնել հյուրախաղերի, այդ երկիրը նշում էր Քեմալ Աթաթուրքի մահվան տարելիցը։ Անկարայում ԽՍՀՄ դեսպանատնից ծաղիկներ էին բերել ու ասել, որ նա պետք է խոնարհի դրանք Աթաթուրքի գերեզմանին։ Գասպարյանը նրբանկատորեն հրաժարվել էր, ու դամբարան այցելելու փոխարեն Վանա լիճ էր գնացել։
Երգչուհին մեծ հնարավորություններ է ունեցել ապրել ցանկացած երկրում, բայց Գասպարյանն ամբողջ սրտով սիրում էր Հայաստանը և այստեղ ապրել է մինչև իր կյանքի վերջ։
Գոհար Գասպարյանը կյանքից հեռացել է 2007 թվականի մայիսի 16-ին: