Հայաստանի ղեկավարության՝ միաժամանակ երկու աթոռի նստելու փորձը ձախողվեց. Ելենա Պանինա

Միջազգային քաղաքական և տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ելենա Պանինան «Պրիմակովյան ընթերցումներ» 12-րդ միջազգային գիտափորձագիտական ֆորումի շրջանակում Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը և դրա հնարավոր հետևանքները։

«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունն արդեն կատարել է իր ընտրությունը։ Երկու աթոռի վրա միաժամանակ նստելու փորձը չստացվեց։ Եվ երբ տեղի ունեցավ այն հավաքը, որտեղ եվրոպական առաջնորդների և Եվրամիության ղեկավարների ֆոնին ներկա էր նաև Զելենսկին, և որտեղ հնչում էին բացահայտ հակառուսական կոչեր ու կարգախոսներ, Փաշինյանը ոչ միայն աջակցեց այդ ամենին, այլև ակտիվ մասնակցություն ունեցավ։ Այսպիսով, նա կատարեց հակառուսական ընտրություն», — ասել է Պանինան։

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանին, որպես երկրի ղեկավարի, իրականում չի մտահոգում Հայաստանի ժողովրդի ապագան։

«Այսօր Երևանը փորձում է Հայաստանը տանել ուկրաինական սցենարով։ Ես հասկանում եմ, որ հայկական բիզնեսը, հողի վրա աշխատող մարդիկ և նրանք, որոնք կողմնորոշված են դեպի ռուսական շուկա, այդ ընտրությունն այնքան էլ չեն ընդունում, իսկ շատերը ընդհանրապես չեն ընդունում։ Փաշինյանի հաղթանակը ընտրություններում մեծապես պայմանավորված էր այն խոստումներով, որոնք նա տալիս էր, ինչպես նաև Եվրամիությանն անդամակցելուց ակնկալվող օգուտների մասին հայտարարություններով, որոնք աջակցում էին եվրոպացի առաջնորդները։ Սակայն արդեն այսօր տեսնում ենք, որ Հայաստանի առաջ ոչ մի առանձնահատուկ հնարավորություն և ոչ մի եվրոպական շուկա չի բացվում։ Մենք դա տեսնում ենք նաև Ուկրաինայի օրինակից։ Ցավոք, այսօր չեմ կարող Հայաստանի համար բարենպաստ կանխատեսումներ անել։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանը ստիպված կլինի անցնել այդ դառը ճանապարհի իր բաժինը։ Սա շատ ցավալի է», — նշել է Պանինան։

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է զարգանալ և բարգավաճել միայն Ռուսաստանի հետ համագործակցության պայմաններում։

«Հայ ժողովուրդը շատ տաղանդավոր և բազմաթիվ փորձություններ անցած ժողովուրդ է։ 1915 թվականին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, որն այսօր փորձում են ջնջել հայ ժողովրդի հիշողությունից։ Իսկ Ռուսաստանը, ինչպես ավելի քան հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր, միակ երկիրն է, որի հետ համագործակցության և փոխգործակցության պայմաններում Հայաստանը կարող է բարգավաճել և զարգանալ։ Ես շատ կուզենայի, որ Հայաստանում հասկանային դա։ Հավանաբար, այն մոլորությունը, որը եվրոպացի քաղաքական գործիչները կարողանում են տարածել ամբողջ ժողովուրդների վրա՝ նրանց խաբելով, ժամանակի ընթացքում կվերանա։ Կմնա իրողությունների գիտակցումը, և Հայաստանը կվերադառնա Ռուսաստանի Դաշնության հետ բնականոն հարաբերությունների», — եզրափակել է Պանինան։