Հայաստանին անհրաժեշտ է ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով

24 Սեպտեմբերի 2026, 13:50

Քաղաքականություն

Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը, սակայն Երևանին անհրաժեշտ է ընտրություն կատարել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ինքնիշխանության իրավունքներին»,- ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնակից է, իսկ այլ չափորոշիչների աստիճանական անցումը տարբեր ոլորտներում չի համադրվի ԵԱՏՄ չափորոշիչների հետ։

«Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ շատ կարևոր է ընտրություն կատարել, և շատ կարևոր է, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը հակասության մեջ չմտնի այս կարևոր ինտեգրացիոն միավորման կանոնների, նորմերի և սկզբունքների հետ»,- ընդգծել է Պեսկովը։