Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու համար միջազգային միջնորդ է պետք. Ստեֆան Շեննախ
03 Հուլիսի 2025, 21:45

Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ թշնամիներ են, բայց ի վերջո չենք կարող անտեսել ակնհայտը՝ անկախ ցանկությունից, նրանք հարևաններ են եղել և այդպիսին էլ մնալու են։ Ոչ ոք չի կարող փոխել այդ իրականությունը, դա նրանց ճակատագիրն է։ Այս մասին Alpha News-ին ասել է ԵԽԽՎ ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննախը՝ խոսելով այն նախապայմանների մասին, որոնք Բաքուն առաջ է քաշել խաղաղ համաձայնության հասնելու համար։
«Կան դեպքեր, երբ անձինք կարող են հավակնել խառը քաղաքացիության։ Ուստի խաղաղության համաձայնագրի հասնելու համար անհրաժեշտ է բազմակողմ միջազգային ձևաչափերի՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի և այլնի մասնակցություն։ Կան տարբեր հնարավորություններ, որտեղ կողմերը պետք է միասին աշխատեն։
Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ համաձայնագրում ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ Իռլանդիան հանդես չեն եկել որպես միջնորդ. նրանք այդ դերը փոխանցել են Կանադային: Ես բազմիցս եղել եմ Ադրբեջանում և Հայաստանում։ Ես տեսել եմ, թե ինչպես է ատելությունը տարածվում, հատկապես դպրոցներում։ Ադրբեջանում, օրինակ, ես տեսել եմ ֆիլմեր, որտեղ ատելություն են սովորեցնում։ Ես տեսել եմ ֆիլմեր, որտեղ ադրբեջանական դպրոցներում տնօրենները երեխաներին ասում էին. «Ահա թե ինչ պետք է անենք հայերի հետ՝ սպանել, սպանել, սպանել…»:
Եվ դա ներշնչում են 7-8 տարեկան երեխաներին։ Եվ այսքան տարի մշակույթի, կրոնի և բուն երկրի (Հայաստանի խմբ.) նկատմամբ ատելությանն ու անհարգալից վերաբերմունքին ուղղված գիտակցության այսպիսի մշակումից հետո արդյունքն ակնհայտ է: Դա ազդեցություն է նոր սերունդների գիտակցության վրա, որոնք մեծանում են: Այդ վտանգի զգացումը միշտ էլ ունի կոլեկտիվ բնույթ հասարակության մեջ», — նշել է նա։
Խոսելով այն մասին, թե կարելի՞ է արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը համարել կարգավորված՝ հաշվի առնելով, որ ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել է, նա նշել է, որ այն ավարտված չի համարում:
«Բացի այդ, անազատության մեջ են հայ գերիները, հարցականի տակ է մշակութային ժառանգության պահպանումը (խմբ. Լեռնային Ղարաբաղում): Կան տարբեր հարցեր, որոնք պետք է լուծվեն խաղաղ գործընթացի շրջանակներում։ Ես չգիտեմ, թե ինչպես կողմերը կարող են դրան հասնել առանց միջազգային միջնորդության։ Դա անհնար է. երկու երկրների միջև պատմությունը և նրանց միջև ատելությունը չափազանց վաղեմի են, վստահությունը բացակայում է: Խաղաղության համաձայնություն հնարավոր է ձեռք բերել, բայց ես կարծում եմ, որ վստահության բացակայության դեպքում և առանց միջազգային միջնորդի դա իրատեսական չէ։ Ես կարծում եմ, որ ադրբեջանցիները ձգտում են ստանալ առավելագույնը, քանի որ իրենց համարում են ռազմական առումով հաղթող և կօգտագործեն իրավիճակը։
Միջազգային իրավունքում մենք դեմ ենք էթնիկ զտումներին։ Բայց եթե դուք Հայաստանի Սահմանադրությունից հանեք Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը, ապա դրանով ժողովրդին չեք զրկի վերադարձի իրավունքից։ Խնդիրն այն է, որ Սահմանադրության մեջ նման փոփոխությունների դիմաց ոչինչ չի առաջարկվում։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է միջազգային միջնորդություն և նման դեպքերում օրենքին և միջազգային իրավունքին տիրապետող փորձագետների մասնակցություն։ Ի վերջո, պետք է լուծում գտնել։ Բայց դա տեղի չի ունենա, եթե երկու երկրները շարունակեն միայնակ նստել, ինչպես ես և դու հիմա այս սեղանի շուրջ ենք», — ասել է Շեննախը: