«Հայաստանն այս հարցում բացառություն չէ». Մարիա Զախարովան անդրադարձել է արտերկրում ՌԴ քաղաքացիների ձերբակալություններին

11 Նոյեմբերի 2026, 18:40

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է արտերկրում՝ երրորդ երկրների հարցումների հիման վրա ՌԴ քաղաքացիների ձերբակալությունների դեպքերին՝ ընդգծելով, որ նրանց ներկայացվող մեղադրանքները հաճախ որևէ առնչություն չունեն իրականության հետ:

Անդրադառնալով մասնավորապես Հայաստանին՝ Զախարովան նշել է, որ դեռևս անցյալ տարի Մոսկվան հայ գործընկերներին առաջարկել էր խնդրի իրավական կարգավորման տարբերակ՝ երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով: Ընդ որում, ներկայացված նախագծում հաշվի էին առնվել նաև հայկական կողմի ցանկությունները, սակայն Ռուսաստանը մինչ օրս պատասխան չի ստացել:

«Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ: Ուստի այս հարցը կշարունակենք պահել հատուկ վերահսկողության տակ և առավելագույն ջանքեր կգործադրենք նրանց ազատ արձակման համար»,— հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հատկանշական է, որ ավելի վաղ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հեռախոսազրույցի ընթացքում ևս քննարկվել էր այս խնդիրը: Նշվել էր, որ Հայաստանում ՌԴ քաղաքացիների ձերբակալությունների շարունակման դեպքում ռուսաստանցիներին կարող է խորհուրդ տրվել ձեռնպահ մնալ Հայաստան այցելելուց: