Դժվար է Հայաստանում նոր ԱԷԿ-ի հարցը տարանջատել ՌԴ-ի հետ հարաբերությունների ընդհանուր համատեքստից․ Կոնստանտին Սիմոնով

23 Հոկտեմբերի 2026, 15:21

Կարծիք | Քաղաքականություն

Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը Ստամբուլում, Վերոնայի Եվրասիական տնտեսական XIX համաժողովի շրջանակում, Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցը։

«Կարծում եմ՝ այս պահին շատ դժվար է Հայաստանում ատոմակայանի հարցը տարանջատել մեր հարաբերությունների ընդհանուր տնտեսական և քաղաքական համատեքստից։ Ինչո՞ւ։ Որովհետև ատոմային նախագիծն, այնուամենայնիվ, բավականին երկարաժամկետ ներդրում է, լուրջ գործընթաց։ Եվ, ցավոք, մենք այժմ հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ ընդհանրապես պետք է որոշենք տնտեսական փոխգործակցության ձևաչափը։ Հետևաբար, կարծում եմ՝ այս պահին առաջնային հարցն այն է, թե ինչ ընտրություն կկատարի Հայաստանը։ Դրանից շատ բան է կախված լինելու, այդ թվում՝ ատոմային նախագծի ճակատագիրը։

Տեսնում եք՝ Ռուսաստանը փորձում է հարցը հստակ դնել, և այդ մասին մշտապես խոսվում է։ Բառացիորեն երկու օր առաջ հրապարակվեց մի զեկույց, որտեղ խոսվում է հնարավոր ծախսերի մասին։ Ընդ որում՝ զեկույցը միայն ռուսական չէ, ինչպես տեսնում ենք, այլ վերաբերում է նաև գործընկեր երկրներին, և մի քանի վարչապետներ ստորագրել են այն։ Այն հրապարակային է։ Դրանում խոսվում է Մաքսային միությունից և միասնական տնտեսական տարածքից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին։ Խոսվում է գազի և այլ հարցերի մասին։ Ընդհանուր առմամբ, խոսքն այն մասին է, որ եթե Հայաստանը լքի միասնական տնտեսական տարածքը, տնտեսական հետևանքները ցավալի կլինեն։ Սա Ռուսաստանի, Ղազախստանի և մի շարք այլ գործընկեր երկրների տեսակետն է։

Համաձայնեք՝ եթե Հայաստանը, այնուամենայնիվ, որոշի դուրս գալ միասնական տնտեսական տարածքից, դժվար կլինի ակնկալել, որ հենց Ռուսաստանը կկառուցի ատոմակայանը Հայաստանում։ Եկեք անկեղծ լինենք։ Ուստի հարցն այժմ ավելի է սրվում, քանի որ առաջիկայում պետք է որոշվի, թե հաջորդ տարվանից ինչ գին կսահմանվի Հայաստանի համար գազի դիմաց։

Մենք գիտենք Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը․ իբր՝ չենք ցանկանում դուրս գալ որևէ միավորումից, բայց միաժամանակ չենք հրաժարվում նաև Եվրամիության հետ համագործակցությունից։ Հետևաբար, այս հարցն առանցքային է։ Ռուսաստանն այն բարձրացնում է և ցանկանում է Հայաստանի վարչապետից ու կառավարությունից լսել, թե ի վերջո ինչ ընտրություն են կատարել։

Եթե Հայաստանն ընտրում է միասնական տնտեսական տարածքը, Եվրասիական միությունն ու Մաքսային միությունը, ապա դա մեկ իրավիճակ է։ Կարծում եմ՝ այս դեպքում «Ռոսատոմ»-ը լիովին կարող է աջակցել Հայաստանին։ Կրկին՝ ընտրությունը Հայաստանինն է, իհարկե, բայց հասկանալի է՝ Ռուսաստանի առաջարկը, որի մասին մենք խոսել ենք անցյալ տարի, բավականին շահավետ է։ Գաղտնիք չէ, որ «Ռոսատոմ»-ը գործընկերներին առաջարկում է շահավետ պայմաններ։

Բայց եթե Հայաստանը կարծում է, որ պետք է ավարտել ինտեգրման այս գործընթացը և շտապել դեպի Եվրոպա, դա նրա ընտրությունն է։ Մենք չենք կարող պարտադրել մեր դիրքորոշումը, բայց, հավանաբար, տարօրինակ կլիներ ակնկալել, որ այդ դեպքում նախագիծը լավագույնս կիրականացվի «Ռոսատոմ»-ի հետ։ Այդ դեպքում պետք է փնտրել այլ գործընկերների, որոնք կիրականացնեն այս նախագիծը»,- հայտարարել է Սիմոնովը։

Հիմա եթերում