Հայաստանում անցկացված ընտրությունները հիասթափություն են առաջացնում. Օլեգ Մատվեյչև
11 Հունիսի 2026, 21:35
ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Մատվեյչևն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին։
Ըստ պատգամավորի՝ նախընտրական արշավն ու քվեարկության գործընթացը ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով, ինչը կասկածի տակ է դնում ընտրությունների ժողովրդավարական բնույթը։
«Մեծ հարց է, թե արդյոք սա ընդհանրապես կարելի է ընտրություն անվանել, քանի որ խախտումները բազմաթիվ էին ոչ միայն ձայների հաշվարկի ընթացքում, այլև ամբողջ նախընտրական արշավի ժամանակ։
Քաղաքական հետապնդումներ, ձերբակալություններ, համացանցի վերահսկում, հաշիվների հեռացում, լրատվամիջոցներում տեղեկատվության լիակատար գերիշխանություն, ճնշումներ, հետապնդումներ և կալանքներ. այս ամենն արդեն իսկ ցույց է տալիս, որ արդյունքը, ինչպիսին էլ այն լինի, դժվար է ժողովրդավարական անվանել։
Իսկ երբ հարցեր են առաջանում նաև ձայների հաշվարկի վերաբերյալ, երբ բազմաթիվ մարդկանց, որոնք ցանկանում էին ժամանել Հայաստան, թույլ չէին տալիս մուտք գործել երկիր, նրանցից վերցնում էին հայկական անձնագրերը, պահում սահմաններին, ահաբեկում, հաղորդագրություններ ուղարկում, թե նրանց կարող են զորակոչել բանակ և այլն, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ էր իրականում տեղի ունենում։
Նույնիսկ այս պայմաններում Փաշինյանը չհավաքեց 50 տոկոսից ավելի ձայն, ինչն, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ նրա իրական աջակցությունը հասարակության մեջ կազմում է առավելագույնը քաղաքացիների մեկ քառորդը։ Ստացվում է, որ փոքրամասնությունը իր կամքը պարտադրելու է մեծամասնությանը։
Մենք տեսնում ենք, որ նման միտումները գնալով ավելի տարածված են դառնում նաև Եվրոպայում։ Այդպես էր, օրինակ, Ֆրանսիայում, որտեղ խորհրդարանական ընտրություններից հետո ավելի քիչ ձայներ ստացած քաղաքական ուժերը միավորվեցին և ձևավորեցին կառավարություն», — հայտարարել է Մատվեյչևը։