Հայաստանում չեն հասկանում, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ջնջել նրան երկրի երեսից. ԵԽ պատգամավոր

Կիպրոսից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Գեադիս Գեադին «Alpha News»-ի հետ զրույցում հայտարարել է, որ համաձայն չէ այն մոտեցման հետ, որը փաստացի ենթադրում է Հայաստանում ռուսական ազդեցության փոխարինում թուրքականով։

«Ես պարբերաբար լինում եմ Հայաստանում և տեսնում եմ, որ այսօր այնտեղ գերակշռում է բացարձակ չեզոք քաղաքականություն վարելու և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ համագործակցություն զարգացնելու ձգտումը՝ չհասկանալով, որ այդ երկրները ցանկանում են Հայաստանը ջնջել երկրի երեսից և ամբողջությամբ փոխել աշխարհի քարտեզը։ Քանի որ մենք նույնպես եղել ենք թուրքական քաղաքականության զոհը, կարող ենք հասկանալ, թե նման գործընթացները հետագայում ինչի կարող են հանգեցնել»,- ընդգծել է պատգամավորը։

Պատասխանելով Ադրբեջանի հետ առաջ մղվող «խաղաղության» մասին հարցին՝ նա հայտարարել է.

«Կարծում եմ՝ դա խաղաղության պատրանք է, որովհետև Թուրքիան երկարաժամկետ աշխարհաքաղաքական հայացքներ ունեցող երկիր է։ Իմանալով նրա պատմությունը՝ ես տեսել եմ, թե որոնք են նրա պատկերացումները Հայաստանի, Մերձավոր Արևելքի և ընդհանուր առմամբ Արևելյան Միջերկրականի վերաբերյալ։ Եվ նրանք ցանկանում են երկրի երեսից ջնջել բոլոր այն երկրները, որոնք իրենց համար խնդիրներ են ստեղծել։

Այնպես որ, իմ տեսանկյունից, ես համաձայն չեմ և չեմ ընդունում Հայաստանի նոր աշխարհաքաղաքական տեսլականը։ Եվ ես կարծում եմ, որ դա կհանգեցնի բազում խնդիրների, ես այն վտանգավոր եմ համարում։ Փաշինյանը փորձում էր Եվրոպային մղել որոշակի դիրքորոշման։ Նա ասում էր, որ եթե իրեն չեն ընդունում որպես Թուրքիայի դաշնակից, ապա անհրաժեշտ է «Թուրքիային ներքաշել Եվրոպա»։

Ըստ նրա տրամաբանության՝ Հայաստանը պետք է շարժվի Թուրքիայի միջով, որպեսզի ճանապարհ ստանա դեպի ԵՄ։ Այսպիսով, միակ երթուղին Թուրքիայի միջով է։

Մյուս կողմից, գոյություն ունի զարգացման ռուսական տարբերակը։ Այլ կերպ ասած՝ նա առաջ է մղում, իմ կարծիքով, այս աշխարհաքաղաքական գծի հակառուսական տարբերակը։ Եթե խոսքը վերաբերում է Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը, ապա նրան կարող են ընդունել ԵՄ նաև առանց Թուրքիայի։ Եվրոպային անդամակցությունը չի նշանակում, որ երկիրը պարտադիր պետք է ցամաքային կապ ունենա նրա հետ։ Օրինակ՝ Կիպրոսը չունի նման կապ, բայց ԵՄ անդամ է։ Ուստի տարածքային «կապի» անհրաժեշտության մասին պնդումը պարտադիր պայման չէ։

Միևնույն ժամանակ, խոսքը նաև Թուրքիայի մասին է, որին, ինչպես ես կարծում եմ, անհնար է ընդունել ԵՄ, քանի որ դա մի երկիր է, որը չի հարգում միջազգային իրավունքը, մարդու իրավունքները և ծովային իրավունքի նորմերը»։

Հիմա եթերում