Հայաստանում գազի գնի հնարավոր փոփոխությունները կարող են բարդացնել իրավիճակը․ Օվերչուկ
31 Մայիսի 2026, 15:44
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Հայաստանը լիովին կախված է ռուսական գազից, և երկիրը այլընտրանքային մատակարարումների հնարավորություն չունի։ Նրա խոսքով՝ հիմնական հարցը միայն այն է, թե գազը ինչ երթուղով կհասնի Հայաստան և ինչ միջնորդների միջոցով կկատարվեն վճարումները։
«Ուստի նրանց պարզապես պետք է նայել քարտեզին, տեսնել, թե ներկայումս ինչ գազատարներ են գործում, և անմիջապես կհասկանան, թե ումից են ստանալու ռուսական գազը։ Իհարկե, հաշվի առնելով նաև 30 տոկոս արտահանման մաքսատուրքը, շուկայական գինը և այն հանգամանքը, որ միջնորդներն էլ կցանկանան ստանալ իրենց բաժին եկամուտը»,– ընդգծել է նա։
Օվերչուկը հավելել է, որ Եվրոպան ևս շարունակում է ստանալ ռուսական գազ։
«Հայաստանում գազի մատակարարումների հարցը շուկայական գնով կարող է չափազանց բարդ իրավիճակ ստեղծել, իսկ մենք դա չենք ցանկանում»,– նշել է Օվերչուկը։