Հայաստանը չի միացել «Մագնիտսկու եվրոպական ցուցակ»-ին. ՀՀ ԱԳՆ

19 Դեկտեմբերի 2023, 12:48

Քաղաքականություն

ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը Հայաստանը չի միացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն  դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ: Կոնկրետ ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ  երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը  տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում էր, որ ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։

Ավելի ուշ Բորելի հայտարարությունը խմբագրվել է, տեքստից դուրս են հանվել Հայաստանի ու Ադրբեջանի մասին հիշատակումները։