Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական շուկայից․ Գևորգ Պապոյան

Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական շուկայից։ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք ռուսական շուկայից չենք պատրաստվում հրաժարվել, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ»,- ասել է նախարարը։

Նա հավելել է, որ ռուսական կողմի բարձրացրած խնդիրները քննարկվում են ռուս գործընկերների հետ։

«Մենք ոչ թե ասում ենք՝ դրա հետ համաձայն չենք ու ոչ մի բան չենք անելու, այլ բարձրացրած բոլոր հարցերին տալիս ենք լուծումներ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս ընթացքում Երևանը կարողացել է մի շարք ուղղություններով արտահանման դիվերսիֆիկացիա ապահովել։ Ըստ նրա՝ տնտեսությունը մեծ հարված է ստացել, բայց ճգնաժամի մեջ չի հայտնվել՝ կարողանալով առաջին կիսամյակում 6 տոկոսով աճ գրանցել։

«Եթե մենք մի շուկայից կախված մնանք, էական չէ՝ այդ շուկան հյուսիսում է, հարավում է, արևելքում է, արևմուտքում է, միևնույնն է՝ մի օր մեզ ցանկացած շուկա փաստի առաջ է կանգնեցելու, որովհետև եթե դու մի տեղից ես կախված, այդ տեղը քեզ կարող է կառավարել»,- նշել է Պապոյանը։

Նախարարը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնություն այս պահին չի արտահանվում կորիզավոր միրգ և բանջարեղեն, բայց այլ արտահանումներ իրականացվում են, օրինակ՝ կոնյակի։

Հիմա եթերում