Հայաստանը հասկանում է, որ միաժամանակ և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին անդամակցելն անհնար է ․ Փաշինյան

07 Օգոստոսի 2026, 10:47

Կարծիք | Քաղաքականություն

Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին Ղրղզստանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում», — նշել է նա։

Միաժամանակ, Փաշինյանի խոսքով, հայ ժողովրդի առջև ներկայումս ընտրության հարց դեռևս դրված չէ, քանի որ ՀՀ-ն դեռ պատրաստ չէ Եվրամիությանն անդամակցել։

«Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։ Սակայն Եվրամիությանը անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը նշանակում է, որ ՀՀ-ն հնարավորություն ունի ապագայում դառնալու ԵՄ անդամ։ Երբ հեռանկարում Երևանը պատրաստ լինի անդամակցությանը, դա դեռ չի նշանակի, որ մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Դրա համար անհրաժեշտ կլինի ինչպես Եվրամիության անդամ պետությունների, այնպես էլ ՀՀ-ի քաղաքացիների համաձայնությունը։

Մյուս կողմից՝ առանց նախնական ինստիտուցիոնալ աշխատանքի հնարավոր չէ այս հարցը ներկայացնել ՀՀ-ի քաղաքացիների որոշմանը, իսկ դրանից հետո ՀՀ-ն պետք է Եվրամիությանը ներկայացնի անդամակցության պաշտոնական հայտ և ստանա թեկնածու երկրի կարգավիճակ», — ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ թվարկված փուլերի առնվազն մեծ մասի իրականացումից առաջ այս հարցով հանրաքվե անցկացնելը բովանդակային չի լինի, քանի որ քաղաքացիներից կպահանջվի պատասխանել մի հարցի, որը տվյալ պահին դեռ գոյություն չունի։

Նա նաև ընդգծել է, որ ՀՀ-ի և Եվրամիության հարաբերություններում չկան այնպիսի պարտավորություններ, որոնք հակասեն երկրի՝ ԵԱՏՄ անդամ լինելու կարգավիճակին։

«Հայաստանը ելնում է այն դիրքորոշումից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ ԵԱՏՄ անդամ երկրների հարաբերությունները երրորդ երկրների հետ չպետք է ընկալվեն որպես զրոյական գումարով խաղ»,- հավելել է Փաշինյանը։