Հայաստանը կամավոր կերպով Ադրբեջանին է զիջում իր թվային ինքնիշխանությունը․ Տիգրան Քոչարյան

22 Հունիսի 2026, 18:06

Քաղաքականություն

Ադրբեջանական հեռահաղորդակցական օպերատորի հետ Հայաստանի միջազգային ինտերնետային կապն Ադրբեջանի տարածքով ապահովելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը նշանակում է Հայաստանի թվային ինքնիշխանության կամավոր զիջում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

Ավելի վաղ «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը հայտնել էր, որ «Ազերտելեկոմ»-ի հետ ստորագրել է համաձայնագիր, որի շրջանակում Հայաստանի միջազգային ինտերնետային կապը կտրամադրվի նաև Ադրբեջանի տարածքով։ Ընկերության հաղորդմամբ՝ «Ազերտելեկոմ»-ը կընդլայնի միջազգային ինտերնետային տրաֆիկի փոխանցման ծառայությունների աշխարհագրությունը և իր ենթակառուցվածքների միջոցով կապահովի ինտերնետային տրաֆիկի տարանցումը դեպի Հայաստան։

««Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև ստորագրված համաձայնագիրը ոչ թե կոմերցիոն ձեռքբերում է, այլ Հայաստանի թվային ինքնիշխանության կամավոր հանձնում։ Իշխանությունները փորձում են այս քայլը ներկայացնել որպես տնտեսական դիվերսիֆիկացիա, սակայն իրականում երկիրը կախվածության մեջ են դնում Բաքվի տեղեկատվական ենթակառուցվածքներից»,- նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հիմնական վտանգը լայնածավալ կիբերլրտեսությունն է։

«Տրաֆիկի անցումը Ադրբեջանի տարածքով տեխնիկական հնարավորություն է տալիս ադրբեջանական հատուկ ծառայություններին հավաքել հայ օգտատերերի մետատվյալները, վերլուծել պետական հատվածի տեղեկատվական հոսքերի կառուցվածքը և իրականացնել տվյալների որսմանն ուղղված վտանգավոր գործողություններ։ Բացի այդ, Բաքվի ձեռքում հայտնվում է հզոր թվային «անջատիչ»,- ընդգծել է փորձագետը։

Քոչարյանի գնահատմամբ՝ ցանկացած քաղաքական կամ ռազմական սրման դեպքում այդ ինտերնետային ուղին կարող է ակնթարթորեն արգելափակվել կամ զգալիորեն դանդաղեցվել, ինչը վճռորոշ պահին կարող է լրջորեն խաթարել երկրի կապի համակարգը։

«Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարանցիկ ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս իրականացնել բարդ, այդ թվում՝ «մարդը մեջտեղում» տիպի կիբերհարձակումներ ։ Սա կարող է ճանապարհ բացել անպաշտպան տվյալների փաթեթների փոխարինման, վնասակար կոդի ներմուծման և պետական մակարդակով ֆիշինգային գործողությունների համար»,- ասել է նա։

Մեդիա փորձագետի կարծիքով՝ հեռահաղորդակցության ոլորտը միայն սկիզբն է։

«Իշխանությունների ներկայիս զիջողական քաղաքականության պայմաններում նմանատիպ համագործակցությունն ու դրան հաջորդող անկախության կորուստը կարող են սպառնալ նաև էներգետիկ համակարգին՝ ընդհանուր ցանցերի ինտեգրման միջոցով, լոգիստիկ ոլորտին՝ ռազմավարական ճանապարհների նկատմամբ վերահսկողության թուլացման հետևանքով, ինչպես նաև ջրային ռեսուրսների կառավարմանը։ Հայաստանը հետևողականորեն զրկվում է ինքնիշխանության կարևորագույն լծակներից»,- հայտարարել է Տիգրան Քոչարյանը։

Հիմա եթերում