Հայաստանը կարող է կորցնել 5 միլիարդ դոլար՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում․ Վոլոդին

16 Մայիսի 2026, 16:50

Տնտեսություն և Բիզնես

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից կարող է հանգեցնել հանրապետության համար լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքների։

«Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կարող է հանգեցնել ՀՆԱ-ի 15-20%-ի կորստի՝ առնվազն 5 միլիարդ դոլարի չափով»,- գրել է Վոլոդինը սոցիալական ցանցում։

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցության 10 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ՝ 10,55 միլիարդ դոլարից հասնելով 26,37 միլիարդ դոլարի։ Բացի այդ, հանրապետությունը ստացել է մուտք ընդհանուր շուկա և էներգակիրների մատակարարման արտոնյալ պայմաններ։

Պետդումայի նախագահը նաև նշել է, որ Հայաստանի արտահանման 25 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, և ուշադրություն է հրավիրել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության նվազման վրա։ Նրա խոսքով՝ Եվրոպական միության հետ մերձեցման քննարկումների ֆոնին 2025 թվականին ապրանքաշրջանառությունը կրճատվել է 45,4 տոկոսով, իսկ Հայաստանում գործունեություն ծավալող ՌԴ քաղաքացիները սկսել են փակել բիզնեսները և լքել երկիրը՝ անորոշության և հնարավոր խնդիրների պատճառով։

Վոլոդինը նաև հայտարարել է, որ Հայաստանում նկատվում են պատմությունը վերաշարադրելու փորձեր, ինչպես նաև ճնշումներ եկեղեցու և ավանդական արժեքների նկատմամբ, ինչը, նրա կարծիքով, հանգեցնում է հասարակության պառակտման։