Հայաստանը շարունակում է մնալ դաշնակից․ ՀԱՊԿ-ը պատրաստ է Երևանի հետ քննարկել բոլոր հարցերը
15 Օգոստոսի 2026, 13:20
Կազմակերպության անդամ պետությունները շարունակում են Հայաստանի Հանրապետությանը դիտարկել որպես դաշնակից։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալաթբեկ Մասադիկովը։
Նրա խոսքով՝ Երևանը հենց սկզբից ակտիվ մասնակցություն է ունեցել կազմակերպության աշխատանքներին՝ էական ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում, և գործընկերները պատրաստ են հայկական կողմի հետ քննարկել միավորման աշխատանքներին ՀՀ-ի լիարժեք մասնակցության վերականգնմանն առնչվող բոլոր հարցերը։
Ավելի վաղ ՀԱՊԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը նշել էր, որ ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կանցկացվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում, որտեղ, ամենայն հավանականությամբ, այս հարցը ևս կքննարկվի։
Հիշեցնենք, որ ՀՀ-ն 2024 թվականին սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։ ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում երկիրը զրկվում է ձայնի իրավունքից և պաշտոններում թեկնածուներ առաջադրելու հնարավորությունից՝ մինչև պարտքի մարումը։ Փաստաթուղթը նաև նախատեսում է պետության մասնակցության կասեցման կամ ՀԱՊԿ-ից հեռացման հնարավորություն։ Նման հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Հավաքական անվտանգության խորհրդի կողմից՝ առանց համապատասխան անդամ պետության ձայնը հաշվի առնելու։