Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Անդրեյ Կլիմով
11 Մայիսի 2026, 21:30
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ Հայաստանում հանրաքվե անցկացնելու մասին, որը վերաբերում է Եվրամիության և Ռուսաստանի հետ հարաբերություններին։
«Ռուսաստանի նախագահը հատուկ վերապահում է արել, որ չի ցանկանում միջամտել Հայաստանի ինքնիշխան գործերին։ Հանրաքվե անցկացնել-չանցկացնելը նրանց խնդիրն է, այլ ոչ թե Ռուսաստանի։ Բայց ինչու խոսք գնաց հանրաքվեի մասին։ Քանի որ դուք չեք կարող միաժամանակ խաղալ ֆուտբոլ, օրինակ, միանգամից երկու թիմերի համար: Պետք է խաղալ կամ մեկի, կամ մյուսի համար։ Որովհետև Եվրասիական տնտեսական միությունը և Եվրամիությունը, մեծ հաշվով, մրցակիցներ են համաշխարհային ասպարեզում։ Նման միությունները ստեղծվում են իրենց անդամների, իրենց թիմերի նպատակներն առաջ մղելու համար, այլ ոչ թե նրանց, ում հետ նրանք համագործակցում են գլոբալ առումով։
Այժմ իրադրությունը հասել է այն կետին, որ Հայաստանի պաշտոնական ղեկավարությունն արդեն չի թաքցնում ԵՄ-ի հետ էլ ավելի մերձենալու իր ցանկությունը։ Կընդգրկեն Հայաստանին այնտեղ, թե ոչ, դա մեծ հարց է, բայց հրաժարվել բազմաթիվ արտոնություններից, որոնք Հայաստանը ստանում է մի շարք հետխորհրդային երկրների հետ մեր համատեղ համակարգին մասնակցելու արդյունքում, դա բոլորովին այլ հարց է։ Այդպես չի ստացվի միաժամանակ։ Եթե Փաշինյանն ու իր թիմը տրամադրված են, ապա խնդրեմ։ Բայց չէ որ նրանք ուզում են մինչև վերջ օգտվել Եվրասիական տնտեսական միության արտոնություններից, իսկ վերջին պահին ինչ-որ տեղ «թռնել»։ Սակայն դա չի կարող հավերժ շարունակվել», — ասել է Կլիմովը ։
Նրա կարծիքով ՝ Ռուսաստանում շատերը կասկածներ ունեն, որ հայերը ցանկանում են անդամակցել Եվրամիությանը:
«Ինչու հենց հանրաքվեն։ Որովհետև Ռուսաստանում շատերը, այդ թվում՝ ես, մեծ կասկածներ ունենք, որ հայ ժողովուրդն իսկապես ուզում է այն, ինչ իրեն պարտադրում են ներկայիս ղեկավարները։ Ես ճանաչում եմ հայկական անձնագրերով շատ մարդկանց, ոմանք ապրում են Ռուսաստանում, ոմանք՝ Հայաստանում, ոմանք էլ՝ այլ տեղ, և ես նրանց մեջ չեմ տեսնում ինչ-որ մեծ միաձայնություն կամ մոլեռանդ համոզմունք, որ նրանք ավելի լավ կլինեն ԵՄ-ում»,-եզրափակել է Կլիմովը։