Հայազգի կոմպոզիտոր Մերի Քույումջյանը «Գրեմմիի» հավակնորդների թվում է
19 Նոյեմբերի 2026, 00:40
Ամերիկահայ կոմպոզիտոր Մերի Քույումջյանն ընդգրկվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 69-րդ ամենամյա արարողության հավակնորդների ցանկում։ Հավակնորդների անունները հրապարակվել են նոյեմբերի 16-ին, իսկ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 7-ին՝ Լոս Անջելեսում։
Քույումջյանի հեղինակած «Paper Pianos» («Թղթե դաշնամուրներ») մուլտիմեդիա օպերան ներկայացված է ակադեմիական երաժշտության անվանակարգում։ Ստեղծագործությունը ժամանակակից դասական երաժշտության գործ է՝ ոգեշնչված փախստականների իրական պատմություններով։
Օպերայի անվանումը կապված է աֆղան դաշնակահար Միլադ Յուսուֆիի պատմության հետ։ Թալիբների իշխանության օրոք, երբ իրական երաժշտական գործիքների հասանելիությունը սահմանափակված էր, նա ստիպված է եղել դաշնամուր նվագել սովորել՝ օգտագործելով թղթի վրա նկարված ստեղները։
2024 թվականին «Paper Pianos» օպերան Պուլիցերյան մրցանակի եզրափակիչ փուլ է անցել։ 2026 թվականին Մերի Քույումջյանն արդեն առաջադրվել է «Գրեմմիի» «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում՝ կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմի հիման վրա ստեղծված «Adoratio» կամերային օպերայի համար։
Մերի Քույումջյանն իր ստեղծագործություններում համադրում է հայկական երաժշտական ժառանգության տարրերը ժամանակակից էլեկտրոնային և դասական երաժշտական տեխնիկաների հետ։
Նրա ծնողները Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1975-1990 թվականներին, արտագաղթել են երկրից, իսկ տատն ու պապը վերապրել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Հիշողությունը, բռնի տեղահանությունը, ինքնության որոնումն ու հաղթահարումը նրա ստեղծագործության առանցքային թեմաներն են։