Հայերի ասամբլեան անփոփոխ համերաշխություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն

11 Հունիսի 2025, 19:52

Քաղաքականություն

Հայերի ասամբլեան հանդես է եկել հայտարարությամբ, որում իր անփոփոխ աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մենք խորը մտահոգությամբ հետևում ենք հանրային տիրույթում տեղի ունեցող արշավին, որն ուղղված է Հայ Առաքելական եկեղեցու և Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ: Դարեր շարունակ եկեղեցին եղել և մնում է հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կարևորագույն ուղենիշը: Պատմության դժվարին ժամանակներում այն եղել է հենարան, պահպանել հավատը և սատարել ազգային ինքնագիտակցությանը: Հայկական ինքնության ձևավորման գործում եկեղեցու ներդրումը հնարավոր չէ գերագնահատել։ Այսօր այն նախկինի պես ծառայում է որպես միասնության խորհրդանիշ և բարոյական կողմնացույց:

Հայերի ասամբլեան վերահաստատում է իր զորակցությունը Հայ Առաքելական եկեղեցուն, նրա հոգևոր առաքելությանը և պատմական նշանակությանը: Եկեղեցուն հավատարմությունը ոչ միայն հարգանք է ավանդույթների նկատմամբ, այլև ներդրում՝ միասնության ամրապնդման, մշակութային ժառանգության պահպանման և հայ ազգի կայուն ապագայի գործում»,-ասվում է հայտարարության մեջ: