Հայի սրտով ֆրանսուհին․ Ռոզի Արմեն

01 Մայիսի 2026, 22:00

Հայեր

Ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը (իսկական անունը՝ Ռոզի Հովհաննիսյան) ծնվել է 1939 թվականի մայիսի 1-ին Փարիզում՝ Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված հայ փախստականների ընտանիքում։ Երգչուհին այսօր նշում է իր 87-ամյակը։

Նրա հայրը՝ Խուրշուդ Հովհաննիսյանը Նախիջևանից էր, իսկ մայրը՝ Նվարդ Ալոզյանը, Անկարայի Սթանոզ գյուղից, Մեծ եղեռնից հետո՝ 1920-ական թվականներին գաղթում են Փարիզ ու ընտանիք կազմում։ Ռոզիի երաժշտական ունակություններն ի հայտ եկան մանուկ հասակում` 4 տարեկանում․ նա արդեն հաճախում էր սիմֆոնիկ նվագախմբի դպրոցի պարապմունքներին, իսկ ավելի ուշ սկսել է իր մենահամերգները։ Չնայած ծնողների դիմադրությանը, նա ընտրել է բեմը և վերցրել «Արմեն» բեմական անունն՝ ընդգծելու իր արմատները։

Նրա կարիերան սկսվել է փարիզյան սրճարաններում, սակայն շուտով երգչուհին համերգներ է տվել Ֆրանսիայի, Եվրոպայի և Ամերիկայի մեծ բեմերում։ Նա հանդես է եկել Փարիզի հանրահայտ «Օլիմպիա» համերգասրահում, Նյու Յորքի Քարնեգի հոլում, Մոնրեալի Արվեստների թատրոնում, Լոս Անջելեսում և նույնիսկ Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում։ Ռոզին երգել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Շառլ Ազնավուր-ը, Ժիլբեր Բեկոն, Ջոնի Հոլիդեյը և Խուլիո Իգլեսիասը։ 1970 թվականին նա մասնակցել է Իսպանիայի «Եվրատեսիլի» ընտրական փուլին՝ Իգլեսիասի հետ միասին կատարելով «Gwendolyne» երգը։

Ռոզի Արմենը երգել է ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, իտալերեն, գերմաներեն և իսպաներեն, ինչի շնորհիվ հայտնի է դարձել տարբեր երկրներում, հատկապես՝ հայկական սփյուռքում։ Նրան անվանել են «հայի սրտով ֆրանսուհի»։ Երգչուհու երկրպագուների թվում էին շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը և մարշալ Հովհաննես Բաղրամյանը, իսկ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը նրան երգ է նվիրել։

1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, մասնակցել է Շառլ Ազնավուրի նախաձեռնած «Քեզ համար, Հայաստան» երգի ձայնագրմանը, որի ամբողջ հասույթը ուղղվել է աղետից տուժածներին: 1990 թվականին Ռոզի Արմենը համերգներով հանդես է եկել Հայաստանում՝ աջակցելու տուժածներին։

Հետագայում նա շարունակել է ելույթներ ունենալ Ռուսաստանում, Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում՝ դառնալով Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային կամուրջ։ 2014 թվականին Կրեմլում նրան շնորհվել են «Armenian Music Award» և «International Music Award» մրցանակները՝ համաշխարհային երաժշտական մշակույթում ունեցած ներդրման համար։