Հայկական արմատներով Կոկո Շանելը. Կարինե Արաբյան
02 Հուլիսի 2026, 22:00
Ֆրանսահայ դիզայներ Կարինե Արաբյանը ծնվել է 1967 թվականի հուլիսի 2-ին Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում։ Նրա հայրը ինժեներ էր, իսկ մայրը՝ դասախոս։ Վաղ տարիքից նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել արվեստի ու նորաձևության նկատմամբ, ինչն էլ կանխորոշել է նրա հետագա ուղին։ 1988 թվականին, Սորբոն-Նուվել համալսարանում ժամանակակից գրականության գծով գիտական աստիճան ստանալով, Կարինե Արաբյանն ընտրել է նորաձևության ոլորտը։ Նա ընդունվել է նորաձևության արվեստի և տեխնիկայի բարձրագույն դպրոց, ապա շարունակել ուսումը «Berçot» ստուդիայում՝ ստանալով դիզայների մասնագիտություն։
1990-ականների սկզբին Արաբյանն աշխատել է «Maison Féraud», «Hyères» և այլ նորաձևության տներում՝ ձեռք բերելով հարուստ փորձ և ձևավորելով իր պատկերացումները ոլորտի մասին։ 1993 թվականին նա հաղթել է «Hyères»-ի երիտասարդ դիզայներների մրցույթում, ինչը շրջադարձային փուլ է դարձել նրա կարիերայում։ 1999 թվականին Կարինեն հիմնադրել է սեփական ապրանքանիշը՝ «Karine Arabian Paris»-ը, որը մասնագիտացած էր կոշիկների և աքսեսուարների արտադրության մեջ։ Նրա հավաքածուներն աչքի էին ընկնում դասական նրբագեղության ու ավանգարդ լուծումների համադրությամբ, իսկ արտադրանքը շատ արագ ճանաչում և ժողովրդականություն է ստանում Ֆրանսիայում ու նրա սահմաններից դուրս։
2000-ական թվականներին նրա բրենդն ակտիվորեն զարգանում էր. Կարինեի հեղինակած կոշիկներն ու պայուսակները վաճառվում էին Փարիզի, Լոնդոնի և Նյու Յորքի հեղինակավոր խանութներում։ Նա համագործակցում էր այնպիսի խոշոր առևտրային ցանցերի հետ, ինչպիսին է «La Redoute»-ը, և կապսուլային հավաքածուներ ստեղծում հայտնի ապրանքանիշերի համար։ 2012 թվականին դիզայները ներկայացրել է աքսեսուարների նոր շարք, իսկ 2019 թվականին Ֆրանկ Բլեյի հետ համատեղ հիմնադրել է «JN. Mellor Club» նախագիծը, որն ուղղված էր ժամանակակից դիզայնին և աքսեսուարներին։
Կարինե Արաբյանը բազմիցս մասնակցել է միջազգային ցուցահանդեսների ու նորաձևության շաբաթների, իսկ նրա աշխատանքները հրապարակվել են առաջատար ամսագրերում, այդ թվում՝ «Marie Claire», «L’Express» և «Le Figaro»: 2021 թվականին նա արժանացել է Փարիզի դիզայնի Գրան պրի (Grand Prix de la Création) մրցանակին, ինչը հաստատել է նրա կարգավիճակը՝ որպես Ֆրանսիայի առաջատար դիզայներներից մեկը։
Նրա ստեղծագործությունը միշտ առանձնացել է դետալների նկատմամբ հատուկ ուշադրությամբ, կնոջ անհատականությունն ընդգծելու ձգտմամբ և գործնականությունն ու գեղագիտությունը համադրելու կարողությամբ։ Կարինե Արաբյանը շարունակում է մնալ կարևոր դեմք նորաձևության աշխարհում, իսկ նրա անցած ուղին վառ օրինակ է այն բանի, թե ինչպես տաղանդն ու համառությունը կարող են փարիզաբնակ հայ աղջկան վերածել միջազգային ճանաչում ունեցող վարպետի։