Հայկական ձայնը՝ Բըրբենքում. հայ գործարարներն ու պաշտոնյաները քննարկել են համայնքային խնդիրները

12 Նոյեմբերի 2026, 22:20

Հայեր

Կալիֆոռնիայի հայաշատ Գլենդել քաղաքի հարևանությամբ գտնվող Բըրբենքում այսօր բնակվում է շուրջ 20 հազար հայ՝ կազմելով քաղաքի ընդհանուր բնակչության մոտ 20 տոկոսը։ Օրերս Բըրբենքի հայկական ասոցիացիան մեկ հարկի տակ էր համախմբել գործարարների, համայնքային առաջնորդների ու պաշտոնյաների՝ նոր գործնական կապեր հաստատելու և համայնքին հուզող առաջնահերթ հարցերը քննարկելու նպատակով։

Ասոցիացիան շարունակում է կարևոր դերակատարում ունենալ ոչ միայն տեղի հայ համայնքի համախմբման, այլև ամերիկյան տարբեր կառույցների հետ համագործակցության կապերի ամրապնդման գործում։ Հատկանշական է, որ Բըրբենքի ոչ առևտրային կազմակերպությունների կոալիցիայի 46 անդամների թվում հայկական համայնքը ներկայացնում է միայն այս ասոցիացիան՝ այդպիսով ապահովելով հայության ձայնի ներկայությունը քաղաքի հասարակական կյանքում։

Միջոցառման շրջանակում կայացած քննարկմանը մասնակցել են Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ Նիք Շուլցը և Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Բանախոսներն անդրադարձել են հանրային ծառայությանը, քաղաքացիական ակտիվ մասնակցությանն ու հայ համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման ուղիներին։

Հանդիպման ավարտին արդյունավետ առաջնորդության, հանրային ծառայության և հայ համայնքին ցուցաբերած նվիրվածության համար Նիք Շուլցին հանձնվել է շնորհակալագիր։

Հիմա եթերում