Հայկական համայնքը գործոն չէ ԱՄՆ քաղաքականության մեջ․Արթուր Սահակյան

26 Ապրիլի 2025, 00:15

Քաղաքականություն

Alpha News-ի հետ զրույցում Alpha News-ի մեկնաբան, լրագրող Արթուր Սահակյանը նշել է, որ հայկական համայնքը գործոն չէ ԱՄՆ քաղաքականության մեջ։

«ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռևս 1973 թ․։ Դրանից հետո նաև Կոնգրեսի պալատներն են բանաձևեր ընդունել, 2019թ․ երկու պալատներն էլ միաձայն, Սենատը միաձայն ճանաչեց Ցեղասպանությունը, բանաձև ընդունեց։ Եթե այս տարվա ուղերձում Դոնալդ Թրամփը չի օգտագործում Հայոց ցեղասպանություն տերմինը, չի նշանակում, որ ԱՄՆ-ը չի ճանաչում։ Ո՛չ։ Միացյալ Նահանգները շատ ավելի վաղ է ճանաչել։

Ինձ համար՝ որպես ԱՄՆ քաղաքացի ու հայ, ցավալի ու հիասթափեցնող է Թրամփի՝ ցեղասպանություն տերմինը չօգտագործելը։ Հեռուն գնալ ու ասել՝ Թուրքիայի սպառնալիքներին է ենթարկվում Թրամփը, վախենում է Էրդողանից, չի կարելի ասել։ Իրականում, իմ տպավորությամբ, ԱՄՆ նախագահն այսօր քաղաքական ժեստ է արել Թուրքիային։ Այսօր Թրամփի օրակարգում կան գլոբալ խնդիրների լուծման առաջնահերթ թեմաներ։ Այս բոլոր գլոբալ խնդիրներում Թուրքիան ունի մեծ նշանակություն։ Հաշվի առնելով, որ Թրամփը լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ, պարզապես գնացել է քաղաքական առևտրի։ Համոզված եմ, որ Թրամփի ու Էրդողանի զրույցի ընթացքում Հայոց ցեղասպանության թեման շոշափվել է, տեսնում ենք՝ որքան զգայուն է դա Թուրքիայի ու Թուրքիայի նախագահի համար։

Հայկական համայնքը, ցավոք սրտի, գործոն չէ ԱՄՆ քաղաքականության մեջ»,- ասել է Արթուր Սահակյանը։