Հայկական ժողովրդական պարի փառատոն՝ Կրասնոդարում

18 Մայիսի 2025, 11:24

Մշակույթ

Կրասնոդարի Երկաթուղայինների մշակույթի պալատում տեղի է ունեցել հայկական ժողովրդական պարի «Պարատուն» երկրորդ փառատոնը՝ նվիրված Հայաստանի ազգային պարարվեստի միության հիմնադրման 30-ամյակին: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է «Կրասնոդարի երկրամասի հայ ազգային-մշակութային ինքնավարությունը»։

Քաղաքային Մշակույթի պալատի բեմ են դուրս եկել Ռուսաստանի տարբեր քաղաքների պարային խմբեր։ Փառատոնի պատվավոր հյուրն էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, պարարվեստի միության նախագահ և «Բերդ» պարի համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը:

Փառատոնին մասնակցել է նաև «Անուշ» համույթը՝ Գարի Ավանեսյանի ղեկավարությամբ: Կոլեկտիվը ներկայացնում էր Հովհաննես Թումանյանի անվան կրթական կենտրոնը: